«Վերադարձը Արևմտյան Ադրբեջան մեր հիմնական խնդիրներից մեկն է». Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ

«Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ մեր հիմնական խնդիրներից մեկն է». սա հայտարարում է ոչ թե փորձագետը, այլ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը

Karabakh Records. Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի տեղակալ Զիաֆեթ Ասկերովը հայտարարել է, թե այսպես կոչված «վերադարձը Արևմտյան Ադրբեջան» Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկն է։ Ըստ նրա՝ այդ տարածքներն իբր «պատմական ադրբեջանական հողեր» են, որոնք ժամանակին, իբր, «փոխանցվել են Հայաստանին»։ Միևնույն ժամանակ, նույն ելույթում նա պնդում է, որ Ադրբեջանը որևէ պետության նկատմամբ տարածքային պահանջներ չունի։

Կարևոր է հասկանալ այս հայտարարության քաղաքական կշիռը։ Ասկերովը շարքային պատգամավոր չէ, փորձագետ չէ և հեռուստատեսային մեկնաբան չէ։ Նա Ադրբեջանի խորհրդարանի գործող փոխնախագահն է և այդ պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի սեպտեմբերից։ Դրանից առաջ՝ 2005–2020 թվականներին, նա Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահն էր, երկար տարիներ զբաղեցրել է պաշտպանության և անվտանգության հարցերով զբաղվող խորհրդարանական կառույցներում ղեկավար պաշտոններ և իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ է։ Այսինքն՝ խոսքն Ադրբեջանի օրենսդիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի մասին է։

Հենց այս մակարդակի պաշտոնյան, խոսելով Հայաստանի Հանրապետության տարածքի մասին, հայտարարում է. «դրանք մեր նախնիների հողերն են, պատմական ադրբեջանական հողեր», հավելելով, որ այդ տարածքները, իբր, «ժամանակին փոխանցվել են Հայաստանին», և որ «այնտեղ վերադառնալու օրը արդեն մոտ է»։ Նույն հարցազրույցում նա հղում է անում Իլհամ Ալիևի այն ձևակերպմանը, որ վերադարձը պետք է տեղի ունենա «ոչ թե տանկերով և զենքով, այլ ավտոմեքենաներով»։

Եվ այստեղ ակնհայտ հակասություն է առաջանում։ Մի կողմից՝ Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Մյուս կողմից՝ Հայաստանի տարածքը պետական բարձր մակարդակով անվանվում է «պատմական ադրբեջանական հողեր», իսկ այնտեղ «վերադարձը» ներկայացվում է որպես պետական առանցքային խնդիրներից մեկը։

Այս օրակարգը ստացել է նաև խորհրդարանական ձևակերպում. Միլի Մեջլիսում գործում է «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցով հատուկ նախաձեռնող խումբ։ Այսինքն՝ խոսքն արդեն ոչ միայն մեդիա հռետորաբանության կամ առանձին քաղաքական գործիչների հայտարարությունների մասին է։

Եվ այստեղ միանգամայն ուղիղ հարց է առաջանում՝ եթե Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի մակարդակով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանվում են «պատմական ադրբեջանական հողեր», դրանց «վերադարձը» հռչակվում է պետական հիմնական խնդիրներից մեկը, խորհրդարանում այդ թեմայով գործում է հատուկ խումբ, իսկ զուգահեռաբար հնչում են Հայաստանի նկատմամբ բազմակի ռազմական գերազանցության անհրաժեշտության մասին հայտարարություններ, ապա ինչպե՞ս է այս ամենը համատեղվում խաղաղության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարևան պետության նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին հայտարարությունների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment