Բժշկապետ-ուսուցիչը՝ Մխիթար Հերացի

Այսօր՝ Ուսուցչի միջազգային օրը, շնորհավորելով բոլոր այն մարդկանց, որոնք բախտ են ունեցել լավ ուսուցիչ ունենալու և լինելու, «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում որոշեցինք անդրադառնալ հայ բժշկագիտության առանցքային դեմքերից մեկին՝ Մխիթար Հերացուն, որն իրավամբ ժամանակի առաջադեմ բժիշկ-մտածողներից լինելուց զատ, տեսաբան էր և ՈՒՍՈՒՑԻՉ, որն իր ժամանակին անվերապահորեն ու անմնացորդ կիսվում էր իր գիտելիքներով և այսօր էլ իր անվամբ հովանավորում է այն բուհը, որի սաներն ամեն օր կյանքեր են փրկում մեր երկրում ու աշխարհի տարբեր անկյուններում։

Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում բժիշկ-պատմաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Կծոյանի հոդվածը՝ գրված Մխիթար Հերացու ծննդյան 850-ամյակի առթիվ։ Հոդվածը հրապարակում ենք մասնակի կրճատումներով։

X—XIV դարերում հայ մշակույթի ու գիտության ընդհանուր զարգացմանը համընթաց մեծ վերելք ու զարգացում է ապրում բժշկագիտությունը։ Այդ դարերում գործել են բժշկական հատուկ դպրոցներ՝ «Բժշկանոցներ», կատարվել են դիահերձումներ, կենդանահատումներ, որոնք առատ նյութ են տվել անատոմիական ու ֆիզիոլոգիական ուսումնասիրությունների համար։

X—XI դդ. բժշկությունը անցնում Է աշխարհիկ բժիշկների ձեռքը, որոնք լայնորեն օգտվում են անտիկ, բյուգանդական և իրենց ժամանակակից արաբական բժշկական գրականությունից։ Նկատելի Է դառնում բժշկական տեսությունը
գործնականի հետ առնչելու մի ընդհանուր ձգտում։

Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, այդ շրջանից մեզ են հասել հարյուրավոր բժշկագիտական աշխատություններ։ Նրանց հեղինակների մեջ ամենախոշոր դեմքերից է Մխիթար Հերացին, որի մասին կենսագրական
կցկտուր տեղեկություններ են հասել մեզ։

Հերացին ծնվել Է Պարսկաստանի Հեր (այժմ Խոյ) քաղաքում։ Որոշակի տվյալներ չեն պահպանվել ո’չ նրա ծննդյան տարեթվի, ո չ Էլ բժշկական կրթություն ստանալու հանգամանքների վերաբերյալ։ Սակայն մի շարք փաստերի օգնությամբ հնարավոր Է մոտավորապես որոշել նրա ծննդյան տարեթիվը, կյանքի ու գործունեության հիմնական կողմերը։

Այսպես, նրա ժամանակակից Ներսես Շնորհալին մինչև կաթողիկոս դառնալը, այսինքն՝ 1166 թ առաջ իր գրած (Յաղագս երկնից զարդուց) պոեմի մեջ Հերացուն մեծարում Է որպես բազմահմուտ գիտնական բժշկի ու աստղագետի։ Մյուս կողմից, եթե նկատի ենք ունենում, որ նա գիտեր արաբերեն, պարսկերեն և հունարեն, տիրապետում էր ժամանակի բնագիտության և բժշկագիտության նվաճումներին, ստեղծել էր մի շարք ծանրակշիռ գիտական աշխատություններ, որի համար էլ 1160-ական թթ իր ժամանակակիցների կողմից արժանացել Էր «Մեծ բժշկագետ», «Իմաստուն բժիշկ», «Մեծ Մխիթար»
պատվավոր կոչումների, մի հանգամգանք, որ ենթադրում է 45-50 տարեկան հասակ, ապա կարելի է ասել, որ Հերացին ծնված պետք Է լինի 1110-ական թթ․, հավանաբար հենց 1118 թ․։

Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» հայտնի աշխատության հեղինակային առաջաբանից ստույգ հայտնի է դառնում, որ նրա բժշկական, մանկավարժական և գիտական գործունեությունը ընթացել Է Կիլիկյան Հայաստանում, ուր պատանեկան շրջանում Պարսկաստանից տեղափոխվել և բնակություն էր հաստատել։ Ենթադրվում Է, որ բժշկական կրթությունը նա պետք է ստացած լինի այստեղի մշակույթի օջախներից մեկում։

1184 թ. նա գրում է «Ջերմանց մխիթարութիւն» դասական աշխատությունը, որը նվիրված է միջին դարերում հասկանալի պատճառներով ավելի լայն տարածում գտած մալարիայի, տիֆային հիվանդությունների, ժանտախտի,
բնական ծաղկի, թոքային տուբերկուլյոզի, կարմիր քամու, հինգ և վեցօրյա նոպայաձև տենդերի և այլ սուր վարակիչ հիվանդությունների պատճառագիտության, ախտածնության, կլինիկական պատկերը բնորոշող ախտանիշներին՝
ու դրանց բուժման և հիվանդի խնամքի հարցերի նկարագրությանը։

Իր առաջ ծառացած սուր վարակիչ հիվանդությունների և ընդհանուր ախտաբանության բարդ ու կնճռոտ հարցերը Հերացին լուծել է դարաշրջանի բժշկագիտության ընդհանուր մակարդակի համեմատ։ Ավելին, նա մերժել է մի
շարք հետադեմ դրույթներ ու չպատճառաբանված կիրառական միջամտություններ և պաշտպանել, առաջ է քաշել նորը, առաջադիմականը։

Այսպես, օրինակ՝ մարդուն և նրա մոտ հանդես եկող ախտաբանական երևույթները Հերացին դիտում է արտաքին միջավայրի բազմապիսի ազդակների հետ սերտորեն կապակցված։

Հիվանդությունների առաջացման խնդրում նա մեծ տեղ է հատկացնում երկրի աշխարհագրական դիրքին, կլիմայական պայմաններին, սննդի և ջրի որակին, սնվելու կարգին, աշխատանքի բնույթին, ինչպես նաև մարդու մարմնական կառուցվածքին ու նյարդահոգեկան աշխարհի վիճակին և այլն։

Այնուհետև, ընդունելով «ջերմերի», այսինքն՝ սուր վարակիչ հիվանդությունների ախտածնության խնդրում հղահյութային (հումորալ) ախտաբանության ուսմունքը, նա առաջ է քաշում օրգանիզմի հիմնական չորս հեղուկների (արյան, լորձի, սև ու դեղին լեղիների) ոչ թե քանակական տեղաշարժերի սկզբունքը, այլ դրանց հետ կատարվող որակական փոփոխությունների՝ «բորբոսնելու» երևույթը։

Մի շարք հայ, արտասահմանյան և ռուս գիտնականներ (բժ․ Վ․ Թորգոմյան, Ֆերրան, Է․ Զեյդել, Լ. ՀովՀաննիսյան, Խ. Մելիք-Փարսադանյան, Մ․ Դունին և տողերիս հեղինակը), հետազոտելով «բորբոսային ջերմ» տերմինի
իմաստը՝ հանգել են այն կարծիքին, որ Հերացին դրանով ընդունել է վարակի (ինֆեկցիայի) գաղափարը։ Ավելին, «բորբոսը» նյութական ծագում ունի, որը՝ կուտակվելով մարմնի որևէ օրգանում՝ աճում, բազմանում է և իրենից արձակում է մարդու համար օտարամուտ տաքություն ու պայմանավորում է հիվանդությունը։

Է. Զեյդելը, կանգ առնելով այս հարցի վրա, ասել է, որ ինքը չի կամենում Մ․ Հերացուն բարձրացնել, մեծարել՝ համարելով նրան մանրէաբանության նախակարապետ։ Սակայն օբյեկտիվ և անհերքելի փաստ է, որ մինչև մանրէաբանության դարը ոչ մի բժիշկ չի օգտագործել ինֆեկցիոն պրոցես արտահայտող այնպիսի տերմին, որը իրականությանն այնքան մոտ կանգնած լինի, ինչպես այդ արել է Մխիթար Հերացին։

Մխիթար բժշկապետը դեմ է արտահայտվել ամեն մի հիվանդության բուժման առիթով որպես անկասկած օգտակար միջամտության, արյուն բաց թողնելուն։ Իր բժշկարանում նա պատմում է, որ ինքը շատ դեպքերի ականատես է եղել, երբ հյուծված, ուժազրկված հիվանդներից արյուն են բաց թողել, նրանք բոլորն էլ մահացել են։ Ավելի հետաքրքրականն այն է, որ նման դեպքերում նա արգելում է տուբերկուլյոզով հիվանդներին ոչ միայն արյուն բաց թողնելը, այլև բաժակներ գցելը։

Մինդեռ հանրահայտ է, որ ամենուրեք և հատկապես միջնադարյան եվրոպական երկրներում բոլոր հիվանդությունների բուժման նպատակով խրախուսվում էր արյուն բաց թողնելու գործողությունը։ Ավելին, բանն այն է, որ շատ դեպքերում մահ բերող այդ գործողությանը տալիս էին տեսական հիմնավորում։

Ըստ Մխիթար Հերացու, հիվանդությունր ճիշտ ախտորոշելու և ճիշտ բժշկելու համար պետք է լավ ծանոթ լինել մարդու նորմալ անատոմիային և նրա խառնվածքին՝ ֆիզիոլոգիային։

«Վասն շինուածոց և յօրինուածոց աչացն» խորագիրը կրող աշխատության մեջ, որը մեզ է հասել հետագա դարերի արտագրությամբ, Մխիթար Հերացին գրում է. «Ամեն բժիշկ, որ աչաց կամենայ ծառայել պիտի որ զկազմութիւն աչացն կարդայ, որ իւր ստածումն իմաստութեամբ լինի»: Վերոհիշյալ տողերի համաձայն մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում Հայաստանում եղել են բժիշկներ, որոնք, ինչպես վկայում է Հերացին, զբաղվել են միայն ակնաբուժությամբ: Նրանցից մեր բժշկապետը իրավացիորեն պահանջել է, որ լավ իմանան աչքի անատոմիան և ֆիզիոլոգիան: XII դարում արդեն, մահապարտյալների կենդանահատումների տվյալներից, Հայաստանում ունեին այն պատկերացումը, որ գլխուղեղի, ողնուղեղի և զգայական 5 օրգանների միջ գոյություն ունի անատոմիական կապ և որ նրանց ֆիզիոլոգիական ֆունկցիաները համագործակցված են։

Այդ ըմբռնումներից ելնելով, Հերացին մերժում է Կլավդուս Հալենի լոկալ ախտաբանության, ինչպես ինքն է գրում՝ «Locus affectio» հետադեմ ուսմունքը և պաշտպանում է մարդու ամբողջական, միասնական օրգանիզմ լինելու առաջադեմ գաղափարը:

Ահա հիվանդությանը, որպես ախտաբանական երևույթի, մեր բժշկապետի տված դիպուկ բնորոշումը. «Եւ են բնութեան գործերն այսոքիկ՝ ցանկութիւն Կերակրոյն և ըմպելոյն, կանգնելն և գնալն և արթնութիւնն, յառնելն և նստելն և մերձաւորութիւնն, և այլ ամենայն բնութեան գործն որ ի մեզ են թէպէտ և ասացաք զբնութեան գործերն՝ որ խափանին ի ջերմերոյն և ի յայլ ամենայն ցեղ հիւանդութենէ, սակայն ոչ կատարեալ խափանումն, այլ մասնական ինչ, զի մահուամբ միայն խափանին բնութեան գործերն կատարեալ»։

Մեջ բերված տողերը բացահայտ կերպով ցույց են տալիս, որ Մխիթար Հերացին ճիշտ է ըմբռնել մի կողմից՝ մարդու և արտաքին միջավայրի, մյուս կողմից՝ նրա օրգան-սիստեմների նորմալ ֆիզիոլոգիական գործունեության և ախտաբանական երևույթների միջև գոյություն ունեցող առնչակցությունը:

Հայտնի է, որ Կ. Հալենը Հիպոկրատի (460-377 մ. թ. ա.) առաջարկած մարմնի բնական-կենսական ուժեր հասկացությունն արտահայտող *physic տերմինի տակ դրեց գերբնական գիտակցված ուժի իմաստը, որից ելնելով՝ Հալենը ասում էր, թե հիվանդության բուժման խնդրում բժիշկը պետք է միջամտի նրա զարգացման միայն երրորդ փուլում, երբ կհամոզվի, որ հիվանդը այլևս չի կարողանում հաղթել հիվանդությանը:

Այս հարցի վերաբերյալ Մխիթար Հերացին միանգամայն հակառակ տեսակետ է պաշտպանել: Իր ունկնդիրներին նա սովորեցնում էր, որ ամեն մի թեթև համարվող ախտաբանական երևույթին պետք է ժամանակին ուշադրություն դարձնել և ապաքինել, այլապես նա կարող է զարգանալ և անհաղթահարելի դառնալ: Նա գրում է. «ոչ մի փոքր ի հիվանդութեանց դիպելոց զի սակաւ հիւանդութեան, յորժամ անփոյթ լինի և յամէ, զօրացեալ բազմանայ և յաղթէ մարմնոյն»:
Մեջբերված տողերը վկայում են, որ մեր բժշկապետը հանգել է այնպիսի առաջադեմ եզրակացության, որը կատարելապես համընկնում է ժամանակակից բժշկագիտության ըմբռնումների հետ: Հերացին կողմնակից է եղել բուժման ակտիվ եղանակին և հիվանդությունների կանխմանը՝ պրոֆիլակտիկային:

Ախտորոշման նպատակով հիվանդների քննությունը կատարելիս Հերացին կիրառել է նրանց մարմնի արտաքինը մանրազնին հայելու, զարկերակի, փորի խոռոչի օրգանները շոշափելու, բախման և ունկնդրելու օբյեկտիվ եղանակները, ինչպես նաև մեզի, խուխի, կղկղանքի և այլ արտաթորանքների ֆիզիկական հատկությունների քննությունը: Այն էլ ասենք, որ Մխիթար Հերացին ախտորոշման նպատակով կազմել է հիվանդին ուղղվելիք տասը հարցերի ցուցակ, այնպես որ այդ հարցերին հիվանդների տված պատասխանները մեծապես օգնում են ոչ միայն հիվանդության ախտորոշմանը, այլ նաև նրա բուժման ու կանխագուշակման և կանխարգելման հարցերի ճիշտ ըմբոնմանը: Նշենք, որ ժամանակակից բժիշկը ևս հաճախ օգտվում է այդ հարցացուցակից։

«Ջերմանց մխիթարութեան» մեջ նրա տված բոլոր հիվանդությունների մահճաբուժական (կլինիկական) պատկերը բնորոշող ախտանիշների նկարագրությունները անթերի են և միանգամայն համողիչ: Մխիթար Հերացուն քաջ ծանոթ են եղել ժամանակակից բժշկությանը հայտնի մալարիային հիվանդությունների բոլոր ինքնուրույն կլինիկական ձևերը։

Տիֆային հիվանդության սկզբնական շրջանում Հերացին մեծ ուշադրություն է դարձնում հիվանդի դեմքին և բերանի խոռոչում տեղի ունեցող փոփոխություններին՝ նշելով հիվանդի երեսի, հատկապես այտերի կարմրությունը,
աչքերի երակների լիարյունությունը, բերանի առաստաղի ու նշիկների բորբոքային երևույթները։ Հիվանդի գլխացավերը գնալով ուժեղանում են, նրա վիճակը ծանրանում է։ Հետաքրքրական է, որ Հերացին աննկատ չի թողնում և
նկարագրում է մաշկի վրա երևան եկած կարմիր, սև կամ գունատ կանաչավուն ցաները։

Մխիթար Հերացին իմացել է տիֆային հիվանդությունների հպավարակայնության մասին։ Ուրիշ կերպ չի կարելի բացատրել նրա խրատական խոսքերը այն մասին, որ նման հիվանդներից հարկավոր է զգուշանալ, հեռու կենալ, այսինքն վարակվելուց խույս տալ։ Այսպիսի զգուշացումներ նա չի անում մյուս տենդային հիվանդությունների դեպքում։

Տիֆային հիվանդությունների բուժման ժամանակ նույնպես նա կիրառում է սիմպտոմատիկ, այսինքն՝ ախտանշական երևույթների դեմ նշանակվող բուժման սկզբունքը։ Այսպես, իր բժշկարանում Մ. Հերացին աոանձին ենթագլուխներով տվել է բարձր տաքության, գլխացավի, սրտի ուժեղ բաբախումների, փորկապության, լուծի, ընդհանուր թուլության և ախտաբանական այլ երևույթների դեմ հատուկ դեղատոմսեր։

Ուշագրավ է տիֆային հիվանդությամբ տառապող հիվանդի սննդապահքի բաժինը։ Հիվանդին տրվող ճաշերի մեջ չենք հանդիպում ոչ մի տեսակի մսեղեն ճաշի, ձկնեղենի ու խեցգետնի։ Հիվանդի ուտեստի մեջ չկա գինի՝ ոչ ջրի հետ
խառնած, ո՛չ էլ առանց ջրի։ Նա գրում է. «…և կերակուրք պարկեշտք տուր…», որ նշանակում է թեթև, դյուրամարս և այլն։

Մ. Հերացու ուշադրության կենտրոնում է եղել նաև տուբերկուլյոզը, որը, ինչպես մատենագրական տվյալներն են վկայում, շատ մեծ չափերով է տարածված եղել միջին դարերում։ Բժշկապետը դրան անվանում է «բարակացաւ» կամ «հալ և մաշ ջերմ», որի առաջացման խնդրում, ըստ նրա, մեծ դեր են խաղում թերսնումը, երկար օրերով քաղցած մնալը, մարդու հոգեկան ծանր ապրումները, ֆիզիկական ծանր աշխատանք կատարելը։ Այլ կերպ ասած, Հերացին իր ժամանակին նկատել է, որ տուբերկուլյոզը սոցիալական բնույթի հիվանդություն է։ Մեր կարծիքի օգտին է վկայում նաև այն, որ խոսելով տենդային հիվանդությունների մասին, մեծ բժիշկը առանձին տեղ է հատկացնում նաև մարդու աշխատանքի բնույթին։ Այս կապակցությամբ Հերացին նշում է դարբնի, հացթուխի, ապակեգործի մասնագիտությունը։

Հենվելով կիրառական բժշկական իր բազմամյա հարուստ փորձի վրա, նա հարյուրամյակներ առաջ արտահայտել է այն ճիշտ տեսակետը, որ տուբերկուլյոզի սկզբնական շրջանի համար բնորոշ է, ինչպես ժամանակակից բժշկության մեջ
է կոչվում, հիվանդի ջերմաստիճանի սուբֆիբրիլիտետի հասկացությունը։ Ինչսպես տուբերկուլյոզի, այնպես էլ մյուս հիվանդությունների ժամանակ բուժում նշանակելիս Հերացին ելնում է հիվանդի առանձնահատկություններից։ Օրինակ, տուբերկուլյոզի դեպքում մի տեսակ յուրահատուկ բուժիչ միջոց է համարել էշի կաթր, որի ընդունման համար նա մշակել է հատուկ կարգ։ Միաժամանակ հիվանդին տվել Է գլխացավերի, բարձր տաքության, սրտի ուժեղ բաբախումների, րնդհանուր թուլության, հազի, ախտաբանական այլ երևույթների դեմ առանձին դեղամիջոցներից զուգորդված դեղապատրաստուկներ։

Մխիթար Հերացին, որպես մեծ հումանիստ և միջնադարյան հայ բժշկության ռահվիրա, ասել է իր անաչառ խոսքը նաև բժշկի թույլ տված սխալների մասին, որոնք բարդացնում և ձախողում են հիվանդի գործերը։ Դրանք, ըստ մեր հեղինակի, բժշկի գործունեության մեջ ի հայտ են գալիս երկու դեպքում։

Առաջին՝ երբ բժիշկը ճիշտ չի սահմանում հիվանդի ախտորոշումը և երկրորդ՝ որպես դրա անխուսափելի հետևանք՝ հիվանդի ապաքինության նպատակով ինչպես դեղորայքային և բուժման այլ միջոցառումների, այնպես Էլ նրա սննդի
և խնամքի վերաբերյալ բժիշկը սխալ նշանակումներ է անում։ Երկու դեպքերում էլ Հերացին բժշկի թույլ տված սխալները բացատրում է նրա մասնագիտական անպատրատականությամբ ու բավական փորձառություն չունենալով։

Միջնադարյան մեծ բժշկապետի «Ջերմանց մխիթարութիւնը» ոչ միայն սուր վարակիչ ախտաբանության վերաբերյալ իր ժամանակաշրջանի գիտության վերջին և նոր խոսքը հաղորդող գիտական եզակի աղբյուրներից է, այլև բժշկագիտության հիշյալ բնագավառի լավագույն ձեռնարկ-հանրագիտարան: Այդ գրքին հաճախ դիմել են նրա ժամանակակից ու հետագայի հայ բժիշկները, այն եղել է դասագիրք բժշկանոցներում սովորող ուսանողների համար: Այսպես կարծելու իրավունք է տալիս Հերացու աշխատության մեջ նյութի շարադրման մեկնաբանողական եղանակը. նա այս կամ այն գիտական հասկացություն արտահայտող հայերեն տերմինի բացատրության հետ տալիս է նույն տերմինը նաև հունարեն, արաբերեն, երբեմն էլ այլ լեզուներով:

Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են Մխիթար բժշկապետի գրած՝ աչքի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, աչքի հիվանդությունների, ինչպես և դրանց ապաքինության նպատակով մշակված վերին աստիճանի բանական դեղանյութերի զուգորդումներից կազմված մեծ թվով դեղատոմսեր:

Մեծ իմաստասեր ու բժշկապետ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» աշխատությունը հայտնաբերվել է 1727 թ. Կ. Պոլսում, մի շարք հայկական ձեռագրերի մեջ, որոնք գնվել և տեղափոխվել են Փարիզի Ազգային գրադարանը: Այդ բժշկարանը առաջին անգամ հայերեն լույս է ընծայվել Վենետիկում 1832 թ.:

Է. Զեյդելը (գերմանացի բժիշկ, թարգմանիչ` խմբ․) 1908 թ. «Ջերմանց մխիթարութիւնը» ամբողջությամբ թարգմանել է գերմաներեն և տվել բազմակողմանի և արժեքավոր ծանոթագրություններ, Ռ. Վիրխովը (գերմանացի ախտաբան, hամարվում է ժամանակակից ախտաբանական անատոմիայի և բջջային ախտաբանության տեսության հիմնադիրը` խմբ․), ծանոթանալով սույն թարգմանությանը, այն կարծիքն է հայտնել, որ Հերացին իր ժամանակի առաջադեմ և մեծ ավանդույթներով օժտված հայ խոշորագույն բժիշկ է եղել: Հետագայում ֆրանսիացի կլինիցիստ Էմիլ Լեգրենը «Տաք երկրների տենդային հիվանդություններ» խորագիրը կրող իր մենագրության մեջ (1913 թ.) կանգ է առել նաև Մխիթար բժշկապետի աշխատության վրա։

1955 թ. Երևանում լույս ընծայվեց «Ջերմանց մխիթարութիւնը» ռուսերեն, ընդարձակ ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով:

«Ջերմանց մխիթարութեան» գերմաներեն հրատարակության առաջաբանում Է. Զեյդելը գրում է. «…Երբ մենք առանց կանխակալ կարծիքի միմյանց հետ ենք համեմատում («Ջերմանց մխիթարութիւնից») ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ գրած Հելդեգատդի «Բնագիտությունը» մեր հայ վարպետի հասած արդյունքի հետ, ապա տեսնում ենք, որ վճռականորեն վերջինիս պետք է հանձնենք դափնեպսակը՝ բնության ավելի արմատական իմացության, ավելի հետևողական և ավելի ինքնուրույն մտածողության, ինչպես նաև սխոլաստիկական նախապաշարմունքներից լիովին զերծ լինելու համար»։

Բժշկության բնագավառում նրա առաջ քաշած տեսական մի շարք խնդիրները, ինչպես նաև կիրառական բժշկության արվեստի մեջ նրա մշակած բազմաթիվ արդյունավետ գործողությունները շարունակեցին զարգացնել նրա
ժամանակակից ու հետնորդ բժիշկները։ Բժշկական հարցերի ուսումնասիրության գործում ճիշտ դիրքավորման ձգտումով, կիրառական բժշկության բնագավառում կուտակված փաստերի հիման վրա արվող գիտական ճիշտ
ընդհանրացումների իր փայլուն կարողությամբ Մխիթար Հերացին առանձնահատուկ տեղ է գրավում միջնադարյան բժշկության պատմության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment