Կապան համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը» ստացել է ձայների 85%-ը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Կապանում 85% ձայնով հաղթել է Գևորգ Փարսյանը։ Սա վստահության շատ խոսուն արտահայտություն է։ Գևորգը սկզբունքային, իր համոզմունքներին հավատարիմ և իսկապես բացառիկ համայնքապետ է։ Սրտանց շնորհավորում եմ իմ համաքաղաքացիներին»,- գրել է Գրիգորյանը։
Կապան համայնքում ընտրություններին մասնակցել է երեք քաղաքական ուժ։ «Շանթ դաշինքի» ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ Նարեկ Բաբայանը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը՝ Տիգրան Աղասյանը։
2026 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ համայնքն ունեցել է 33 հազար 340 ընտրող։ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է համայնքի ընտրողների 67,41%-ը։
Հիշեցնենք, որ Գևորգ Փարսյանն առաջին անգամ Կապանի համայնքապետ է ընտրվել 2018 թվականի հոկտեմբերի 21-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններում՝ ստանալով ձայների շուրջ 54,4%-ը։ Այդ ժամանակ ևս նրա հիմնական մրցակիցը Նարեկ Բաբայանն էր։
2021 թվականի նոյեմբերի 14-ի՝ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններում նույնպես հաղթել էր Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը»։
ՔՊ-ի այս տարվա ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Բաբայանը նախկինում զբաղեցրել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնը, իսկ 2022 թվականից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ է՝ որպես ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի լիազոր ներկայացուցիչ։
Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Բաբայանը մեկ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ից ստացել է 72 մլն դրամ աշխատավարձ՝ ամսական 6 մլն դրամ՝ ներառյալ հարկերը։
Գրիգորյանի հրապարակած արդյունքները նախնական են։
Եվգենյա Համբարձումյան