Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. «Հայաստան» դաշինքը պատշաճ գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կեսգիշերին նրան հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք, կալանավորեց մեկ ամիս ժամկետով։

Դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում:

Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։

Վանաձորում սա նորություն չէ. քաղաքի բնակիչները լավ են հիշում, թե ինչպես 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունը վարվեց վանաձորցիների քվեի հետ։ Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի։

«Հայաստան» դաշինքը՝

• պահանջում է անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը,
• կոչ է անում իրավապաշտպան և միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին պատշաճ գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին:

Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը։ Վանաձորի իշխանությունը պետք է որոշեն վանաձորցիները՝ ոչ թե քննչական մարմինները։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment