Քաղաքականություն
03.10.2026 | 16:32
Լիտվայի մայրաքաղաքի՝ Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան, կրկին ժամանակավորապես դադարեցվել է՝ օդային տագնապի հայտարարման պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Միևնույն ժամանակ, Լիտվայի Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնը Վիլնյուսի շրջանում հայտարարել է օդային վտանգի դեղին մակարդակ՝ «չճանաչված թռչող օբյեկտների ակտիվության» պատճառով։ Կենտրոնի տվյալներով՝ կասկածելի անօդաչու թռչող սարքը Լիտվա է մտել Բելառուսի կողմից։
Տագնապի ազդանշանից հետո օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները, որոնք մասնակցում են «Բալթյան օդային պարեկություն» ծրագրին։ Մոտ մեկ ժամ անց տագնապը չեղարկվել է, հայտնում է տեղական Delfi-ն։ Բնակիչներին հորդորել են կասկածելի օբյեկտ հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրան և անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները խոցել էին Լիտվայի երկնքում հայտնված անօդաչու թռչող սարքը, սոցիալական X ցանցում հայտնել էր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Հաշվի առնելով Ռուսաստանի աճող ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ նման մարտական պատրաստվածությունը վճռորոշ նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար», – հավելել էր նա։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Բալթյան երկրները բազմիցս հայտնել են իրենց օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներթափանցման մասին։
2026 թվականի մայիսին Վիլնյուսում անօդաչու թռչող սարքի հայտնվելու պատճառով պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ տագնապ էր հայտարարվել ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրի մայրաքաղաքում։ Միաժամանակ, անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի մասին ոչ բոլոր հաղորդումներն են հաստատվել։ Այսպես, սեպտեմբերի 13-ին Վիլնյուսի օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր՝ ենթադրյալ անօդաչու թռչող սարքերի ներթափանցման պատճառով։ Հետագայում պարզվել էր, որ օդանավակայանի ռադարը գրանցել էր թռչուններ, ոչ թե անօդաչու սարքեր։