Մեզ բազան պետք չի, որ մնա ստեղ՝ անկախ հիմնավորումներից, բայց ես նման թեմա չեմ բացել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մոսկվա կատարելիք առաջիկա աշխատանքային այցին, ռուսական կողմից հնչեցված թեզերին, ռազմաբազայի ապագային և Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեին։

Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ռուսական կողմից արդեն հայտարարել են մոսկովյան հանդիպման հնարավոր օրակարգի մասին՝ առանձնացնելով Հայաստանի ընտրությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ինչպես նաև ռազմաբազայի թեման, Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ ռազմաբազայի հարցը հայկական կողմը երբեք չի բարձրացրել, այն բարձրացրել է Ռուսաստանը։

Փաշինյանը հիշեցրել է, որ Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում նման թեմա չի քննարկվել, սակայն դրանից հետո հարցուպատասխանի ժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ եթե հայկական կողմը ցանկանա, իրենք դուրս կբերեն ռազմաբազան։ Վարչապետը վերահաստատել է Երևանի դիրքորոշումը․

«Ես հստակ ասում եմ՝ ռուսական ռազմաբազայի ներկայության կարիք Հայաստանի Հանրապետությունը չի տեսնում»։

Ի պատասխան Պետրոս Ղազարյանի մեջբերած ռուսական ձևակերպման, թե ռազմաբազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևոր տարր է, Փաշինյանը հարցրել է՝ «տարածաշրջանում ո՞ւմ անվտանգության», և ընդգծել, որ անկախ հիմնավորումներից՝ Հայաստանին անհրաժեշտ չէ, որ ռազմաբազան մնա այստեղ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է պահել այն, դա քննարկման հարց է, և Մոսկվայում պետք է հստակեցվի՝ արդյոք ռուսական կողմը ցանկանում է պահպանել ռազմաբազայի ներկայությունը, թե ոչ։ Դրանից էլ կախված կլինի հետագա իրավիճակը։

Հաստատելով, որ վերպետական կառույցներին անդամակցելու հարցը ինչպես գործող Սահմանադրությամբ, այնպես էլ նոր Սահմանադրության նախագծով լուծվում է հանրաքվեով՝ վարչապետը նշել է, որ այդ հանրաքվեն ինչ-որ պահի տեղի է ունենալու։ Ըստ նրա՝ իշխանության քաղաքական խնդիրն է ժողովրդի համար ստեղծել այլընտրանք և որոշում կայացնելու հնարավորություն։

Փաշինյանի գնահատմամբ՝ այդ այլընտրանքի ստեղծման գործընթացը բավականին արագ է զարգանում։

Արձագանքելով այն թեզին, թե «որքան շատ ենք գնում Արևմուտք, այնքան մեծ է վտանգը, որ ավելի շուտ կհայտնվենք Ռուսաստանում», Փաշինյանը հայտարարել է, որ չի ընդունում «Արևմուտք գնալու» խոսույթը։

«Մենք ոչ մի տեղ չենք գնում։ Եթե շարժ կա, Եվրամիությունն է գալիս, եթե մենք Եվրամիության անդամ ենք դառնում, ոչ թե մենք ենք գնում»,- նշել է նա՝ շեշտելով լեզվամտածողության կարևորությունը։

Ինչ վերաբերում է 2013 թվականի սեպտեմբերի իրադարձությունների կրկնության վտանգին, վարչապետը դա անվանել է «ծանոթ պատմություն և պատմական ցիկլ»՝ հավելելով, որ նույն գործողությունները կատարելիս արդյունքը լինելու է նույնը։ Այդ պատճառով, ըստ նրա, Հայաստանն այսօր անում է «բոլորովին ուրիշ բան»՝ նույն արդյունքից խուսափելու համար։

Խոսելով Մոսկվա կատարելիք այցի ընթացքում հայկական կողմի բարձրացնելիք հարցերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրակարգում է նոր պայմաններում երկկողմ հարաբերությունների վերափոխման հարցը։ Ավելի առարկայական խոսելով՝ նա առանձնացրել է Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների թեման։

Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ խնդրահարույց հարցերից բացի կան նաև կառուցողական թեմաներ։ Մասնավորապես, հայկական կողմը պատրաստվում է Ռուսաստանի Դաշնությանը ներկայացնել մի շարք տնտեսական ուղղություններով համագործակցությունը խորացնելու առաջարկներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment