Ֆրանսիան ցնցվում է աշակերտական անկարգություններից. ավելի քան 5000 մարդ է բերման ենթարկվել

Ֆրանսիայում կրթական համակարգի խրոնիկ խնդիրների դեմ բարձրացած աշակերտական բողոքի ալիքը վերաճել է համազգային լարվածության և փողոցային անկարգությունների։ Շաբաթվա սկզբից ի վեր իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 5000 ցուցարարի, իսկ դասապրոցեսի խափանումներն ու բողոքի գործողություններն ընդգրկել են ավելի քան 700 ուսումնական հաստատություն։

Ճգնաժամի աշխարհագրությունն արագորեն ընդլայնվել է․ Փարիզի արվարձանների լիցեյների շրջափակումից սկսված ցույցերը տարածվել են ողջ երկրով մեկ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի փոխանցմամբ՝ միայն ուրբաթ օրը ոստիկանությունը 1747 մարդու է բերման ենթարկվել, իսկ 158 դպրոցների մերձակայքում արձանագրվել են բախումների և գույքի ոչնչացման դեպքեր։ Նանտ քաղաքում հրդեհի հետևանքով վնասվել է Նելսոն Մանդելայի անվան վարժարանը։

Ցույցերի հիմքում ուսուցիչների ու աշխատակիցների սուր պակասն է, դասարանների գերբեռնվածությունը և դպրոցների անմխիթար շենքային պայմանները։ Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում և մի շարք այլ շրջաններում մանկավարժների բացակայության պատճառով դասերը պարբերաբար չեղարկվում են, ինչն էլ փողոց է հանել աշակերտներին ու նրանց աջակցող ուսուցիչներին։

Իրավիճակը կարգավորելու նպատակով կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հանդիպել է արհմիությունների և աշակերտական միությունների հետ, սակայն բանակցությունները մտել են փակուղի։ Հստակ լուծումներ չստանալով՝ կրթության ոլորտի 6 խոշոր արհմիություններ և ուսանողական կազմակերպություններ հայտարարել են բողոքի ակցիաների նոր, ավելի լայնամասշտաբ փուլի մասին, որը մեկնարկելու է հոկտեմբերի 6-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment