«Մեծ յոթնյակի» (G7) երկրները համաձայնեցրել են իրենց ռազմավարական պահուստներից համակարգված կերպով մինչև 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք բաց թողնել շուկա՝ գների աճը զսպելու և շուկայական ճնշումը մեղմելու նպատակով, հայտնում է BBC News-ը։
Գործընթացը կմեկնարկի անհապաղ և կտևի չորս ամիս։
Առաջին 20 օրերի ընթացքում անդամ պետություններն ու գործընկերները նախատեսում են դիզելային վառելիքի զգալի ծավալներ դուրս բերել շուկա, իսկ անհրաժեշտության դեպքում G7-ը կդիտարկի նաև լրացուցիչ պաշարների իրացումը։
Որոշումն ընդունվել է G7-ի առաջնորդների տեսախորհրդակցության արդյունքում, որը վարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պահուստների բացթողումը կհամակարգվի Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) կողմից։
«Մենք կիրագործենք մեր հանձնառությունը՝ ՄԷԳ-ի միջոցով համակարգված կերպով չորս ամսվա ընթացքում շուկա դուրս բերելով 100 միլիոն բարել պաշար», — ասված է G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Դեռևս անհայտ է, թե կոնկրետ որքան նավթ կամ դիզելային վառելիք կտրամադրի յուրաքանչյուր երկիր։ Հատկացվող ընդհանուր ծավալը կներառի ինչպես հում նավթ, այնպես էլ նավթամթերք։
Միևնույն ժամանակ, «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են խմբի անդամների միջև էներգակիրների և էներգետիկ ապրանքների արտահանման սահմանափակումներ չմտցնել։ Այս որոշումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին՝ արգելել ամերիկյան դիզելային վառելիքի արտահանումը, եթե եվրոպական երկրներն ավելի ակտիվորեն չօգտագործեն իրենց սեփական պաշարները։
Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ դիզելի արտահանման արգելքն «ըստ էության երբեք էլ լուրջ քննարկման առարկա չի եղել», և ողջունեց պահուստներից վառելիք բաց թողնելու եվրոպական երկրների որոշումը։
Նավթի և դիզելային վառելիքի թանկացումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին մատակարարումների կրճատմամբ։ Շուկայի վրա լրացուցիչ ճնշում են գործադրում նաև ռուսական դիզելի արտահանման սահմանափակումներն ու նավթավերամշակման գործարանների աշխատանքի խափանումները։
ՄԷԳ-ի տվյալներով՝ դիզելային վառելիքն առանձնապես զգայուն է մատակարարման խափանումների նկատմամբ. այն լայնորեն կիրառվում է բեռնափոխադրումների և գյուղատնտեսության ոլորտներում, ուստի դրա թանկացումն անմիջականորեն արտացոլվում է փոխադրումների և ապրանքների գների վրա։
G7-ի հայտարարության ֆոնին Brent տեսակի նավթի գինը կարճ ժամանակով իջավ 100 դոլարից, սակայն ուրբաթ երեկոյան կրկին բարձրացավ՝ հասնելով մոտ 102 դոլարի։ Մինչ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելը Brent-ը վաճառվում էր մոտ 73 դոլարով։