«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը «Հայելի» մամուլի ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր նկատմամբ գործողությունների նպատակը իրեն չեզոքացնելն է եղել։
«Նրանց նպատակն ինձ չեզոքացնելն էր, շուտով կտեսնենք, թե սա ինչի համար է արվում»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ այժմ խոսվում է Արցախի մասին, սակայն, իր պնդմամբ, ներկայում Հայաստանի երկրորդ ամենագեղեցիկ վայրը՝ Սյունիքն է լինելու վտանգի տակ։
«Բայց նույնիսկ հիմա մեր ժողովուրդը ցույց է տալիս իր անտարբերությունը։ Դրա համար ենք մենք միշտ ասում, որ միավորվել է պետք, այս բևեռացումը վերացնել է պետք մեր երկրից։ Բայց իշխանությունն ունի լծակներ, բյուջեում գումարներ և կարողանում է մեր ժողովրդին քնեցնել։ Երբ երկրիդ 50 %-ը աղքատության մեջ է ապրում (ես գիտեմ, որ 22 % է, բայց շրջանների բնակչության մոտ 50 %-ն է ռեալ աղքատ), ապա իրենք կարողանում են հեշտ կառավարել»,-ասել է նա:
Կարապետյանը նաև հարց է բարձրացրել, թե ինչու են իշխանությունները, իր գնահատմամբ, կրկին աղքատացնում ժողովրդին և գյուղացիներին՝ պատասխանելով, որ այդ եղանակով 10 հազար դրամով կարողանում են կառավարել մարդկանց։
«Դրա համար պետք է բոլորը միասին պայքարեն, ամբողջ ժողովրդով, քանի որ հիմա մենք ավելի մեծ վտանգների առաջ ենք կանգնած, միգուցե ավելի մեծ վտանգների, քան Արցախի խնդիրն էր»,- ասել է Կարապետյանը։
Կարապետյանը մինչ օրս գտնվում է տնային կալանքի տակ: