«Գործող իշխանությունն ասում է՝ գնում ենք Եվրոպա, բայց Հ1-ի եթերով Ներսես Երիցյանն (Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ-Panorama.am) ասում է՝ սա ԵԱՏՄ պահանջ է, այսինքն ստացվում է սա Ռուսաստանի պահանջ է»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հակադրությունը շեշտեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է անհատի կողմից իր նոր բջջային հեռախոսի IMEI-ի կոդի առցանց գրանցման հնարավորություն, IMEI-ի միասնական գրանցման և վերահսկողության պետական համակարգ։
Մանուկյանը շարունակեց. «Որպեսզի եվրոպացիներին ասենք՝ սա ռուսների պահանջը չէ, ասում ենք՝ մենք այս նախագծով պայքարում ենք ստվերի դեմ»։ Նա ընդգծեց, որ այս նախագիծը վերաբերում է ժողովրդի շատ մեծ զանգվածի, առաջարկեց նախագծի քննարկման ժամանակ ԱԺ հրավիրել նաև ՊԵԿ ներկայացուցիչների, նրանց ուղղված առարկայական շատ հարցեր ունի։
Հիշեցնենք՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ հանձնաժողովի այսօրվա նիստում չի քննարկվի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, քանի որ այս նախագծում «որոշակի շտկելու բաներ կան»։ Նախագիծը ներկայացնելու համար ԱԺ էր եկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։