ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին ակտիվ գործընթաց է սկսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և կալանքի տակ գտնվող անձանց գործերով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Մոտենում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում կալանավորված մի շարք անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտը: Նախաքննական մարմինը գործընթաց է սկսել նրանց կալանքի ժամկետները երկարաձգելու ուղղությամբ։ Ուշագրավ է, որ կալանքների ժամկետների երկարաձգմանը զուգահեռ նախաքննական մարմինը գնում է նոր քննչական և դատավարական գործողությունների, ինչը, մեղմ ասած, հարցեր և կասկածներ է առաջացնում»,– գրում է թերթը:
Օգոստոսի 4-ին ՔԿ-ն հայտնել էր, որ «Առինջ մոլ» ընկերության տնօրեն Ալիկ Նազարյանի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։
Այդ ժամանակ Ալիկ Նազարյանի նկատմամբ խափանման միջոց էին կիրառվել տնային կալանքը, 50 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Սամվել Հակոբյանը կալանավորվել էր։
Պարբերականը նշում է՝ երբ մոտենում են այս վարույթով կալանավորված անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտները, նախաքննական մարմինը նոր գործողությունների է դիմում։
Թերթի տեղեկություններով՝ իրավապահները մտել են մոտ մեկ ամիս տնային կալանքի տակ գտնվող «Առինջ մոլ»-ի տնօրեն Ալիկ Նազարյանի տուն, խուզարկություն իրականացրել, որից հետո նրան տարել են կալանքի։
Միաժամանակ երկարաձգվել է նաև Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նախկին տնօրենի կալանքի ժամկետը։