«Դա արել ենք հանուն մեր համայնքի, հանուն մեր դպրոցի»․ ՔՊ-ականը՝ եղբոր «Օպել»-ը պետությանը վարձակալությամբ տալու մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հետաքննող լրագրողների բացահայտմանը, ըստ որի՝ իր եղբայրը՝ Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, էկոպարեկ Տիգրան Համբարձումյանն իր 300 000 դրամով գնած «Օպել» մակնիշի ավտոմեքենան մեկ տարով վարձակալության է տվել «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ 1 մլն 990 հազար դրամով, այսինքն՝ արժեքից ավելի քան 6 անգամ բարձր գնով։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են 300 000 դրամանոց ավտոմեքենան 2 մլն դրամով վարձով տվել դպրոցին, նա պատասխանեց․ «Երկու միլիոնը դա տարեկան գումար է։ Նախ մրցույթ է տեղի ունեցել, եղբայրս մասնակցել է։ Եվ այդ տարեկան 2 մլն դրամն ամսական կազմում է 150 հազար դրամ, օրական՝ 5000 դրամ։ Եթե երբեւիցե մեկին կգտնեք, որ իր մեքենան կտրամադրի օրական 5000 դրամով, խնդիր չկա։ Բոլորի համար մրցույթը բաց է եղել, եւ բոլորն իրավունք ունեին մասնակցել։ Եթե որեւիցե մեկի ձեռնտու լիներ կամ լավ գին լիներ, օրը 5000 դրամով այդ ծառայությունն իրականացնել, կգային, կմասնակցեին»։

Նա նաեւ ասաց, որ տեղյակ չի եղել այդ դեպքի մասին, մամուլից է տեղեկացել։

«Եվ երբ խոսել եմ իմ եղբոր հետ, դա արել է հանուն համայնքի, հանուն դպրոցի, որ որեւէ մեկը 5000 դրամով դա չէր անի։ Այսօր ցանկացած տաքսի 5000 եւ ավելի գումար է աշխատում։ Իսկ այսօր օրական 5000 դրամով այդ ծառայությունը մատուցելը հանուն մեր համայնքի, հանուն մեր դպրոցի է եղել։ Եթե հիմա որեւէ մասնակից լինի, մենք պատրաստ ենք հրաժարվել, որովհետեւ այդ ծառայությունն ընդհանրապես ոչ ձեռնտու ծառայություն է»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment