«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանի ելույթը ԵԽԽՎ-ում․
Վեհաժողովի հարգարժան անդամներ,
Մենք հաճախ ընտրություններն անվանում ենք ժողովրդավարության հիմնաքար, սակայն դրանց հավերժական արժեքը հնարավորությունների հավասարությունն է՝ այն սրբազան երաշխիքը, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են մրցակցել արդար և հավասար պայմաններում։
Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է, որ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած համակարգային խախտումներով՝ վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահմամբ և քրեական հետապնդումների աննախադեպ ալիքով, որն ուղղված էր ընդդիմության ներկայացուցիչների դեմ։
Այս փաստերը ձևավորեցին ընտրովի արդարադատության լայն տարածում գտած ընկալում և միտումնավոր խոչընդոտեցին ընդդիմության աջակիցների նախընտրական քարոզարշավին։
Իրավիճակը տեղում ցնցող էր․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ավելի քան 300 անդամներ ձերբակալվել կամ կալանավորվել են՝ անմեղության կանխավարկածի շարունակական խախտումներով։ Իշխանությունների այս հաշվարկված գործողությունները խորը վախի մթնոլորտ են ստեղծել։
Հնարավորությունների հավասարությունը խաթարվել է նաև այն պատճառով, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանը ապօրինաբար գտնվել է տնային կալանքում՝ զրկված լինելով նախընտրական քարոզարշավ իրականացնելու իր իրավունքից։ Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից՝ վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻ քաղաքական հրահանգներով։
Ավելին, իշխող կուսակցության ընտրական ցուցակի ավելի քան 90 տոկոսը կազմված էր պետական և հանրային ծառայողներից, ինչի հետևանքով վերացվել էր կուսակցության և պետության միջև սահմանը, ինչպես նաև՝ ընտրությունների հավասարության սկզբունքը։
Քաղաքականության շուրջ բանավեճի փոխարեն իշխող կուսակցությունը տարածում էր բացահայտ ատելության խոսք և ահաբեկման հռետորաբանություն, այդ թվում՝ ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, ինչպես նաև նոր պատերազմի սպառնալիք, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողանա պահպանել սահմանադրական մեծամասնությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ղեկավարում էր իշխող կուսակցության հիմնադիրներից մեկը, լիովին զուրկ էր անաչառությունից։ Հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ երկու ընտրատեղամասերի արդյունքները անվավեր ճանաչվեցին, ինչի հետևանքով ընդդիմադիր կուսակցություններից մեկը հայտնվեց ընտրական շեմից ցածր, իսկ լրացուցիչ մանդատներ փոխանցվեցին «Քաղաքացիական պայմանագրին»։ Իշխող կուսակցությունը շտապեց ամրագրել արհեստական և ապօրինի երեք հինգերորդի մեծամասնություն՝ նվազեցնելով խորհրդարանականության արժեքը։
Հարգելի՛ գործընկերներ, ժողովրդավարությունը չի կարող գոյատևել, երբ ազատության և հավասարության արժեքները պաշտպանված չեն։ Հետևաբար, այսօր Խորհրդարանական վեհաժողովում ներկայացված ընտրությունների դիտարկման զեկույցը չափազանց կարևոր նշանակություն ունի։
Իշխող կուսակցության կողմից իրականացված համակարգային խախտումները հստակ բացահայտված են, և սա կարող է ու պետք է դիտարկվի որպես հաղթանակ «Քաղաքացիական պայմանագրի» միակողմանի քարոզչության դեմ։ Հայաստանի ժողովուրդն արժանի է ընտրական գործընթացի, որն իսկապես ազատ, արդար և հավասար է։ Հայաստանի Հանրապետությունն արժանի է իրական ժողովրդավարության՝ եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան։
Շնորհակալություն։ Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը։ Աստված օրհնի բոլորիդ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: