Աշնանային նստաշրջանի առաջին օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն ներկայացրել է Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցը։
Դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար, Շվեյցարիայի ներկայացուցիչ Դամիեն Կոտիեի պատրաստած զեկույցում արձանագրվել է, որ ընտրողներն ունեցել են քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրություն կատարելու հնարավորություն, իսկ ընտրությունները տեխնիկական առումով կազմակերպվել են պատշաճ մակարդակով, հայտնում է Factor.am-ը:
Միաժամանակ փաստաթղթում արձանագրվել են աննախադեպ արտաքին միջամտության, ներքին խոր բևեռացվածության, վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրական արդյունքների վիճահարույց չեղարկումների լուրջ դեպքեր։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը ներկայացնելիս Կոտիեն հայտարարել է, որ քվեարկությունն ընդհանուր առմամբ լավ է կազմակերպվել, սակայն ընտրական գործընթացի ընթացքում հայկական ժողովրդավարությունը հայտնվել է արտաքին լուրջ ճնշումների ներքո։
«Սակայն հստակ լինենք. հայկական ժողովրդավարությունը ենթարկվել է արտաքին ուժեղ ճնշման։ Աշխարհաքաղաքական համատեքստը չափազանց լարված էր և նշանավորվեց աննախադեպ բնույթի ուղղակի ռուսական միջամտությամբ»,- ասել է նա։
Կոտիեի գնահատմամբ՝ այդ ճնշումները ներառել են առևտրային սահմանափակումներ, էներգամատակարարմանն առնչվող սպառնալիքներ, դիվանագիտական ճնշումներ, ազդեցության արշավներ, ինչպես նաև անվտանգության ոլորտում բարձր մակարդակով հնչեցված ուղղակի սպառնալիքներ։
Նրա խոսքով՝ ընտրողների վրա ազդեցություն գործելու նպատակով Հայաստանի եվրոպական ձգտումները ներկայացվել են որպես վտանգ։
Նրա գնահատմամբ՝ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը կոշտ և խիստ բևեռացված է եղել։ Կոտիեի խոսքով՝ ձայներ գնելու վերաբերյալ մեղադրանքները հանգեցրել են բազմաթիվ քրեական հետապնդումների, հատկապես ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ։
Նա մատնանշել է նաև պաշտոնյաների նկատմամբ ենթադրյալ ճնշումները և ընտրություններից առաջ կառավարության հայտարարած սոցիալական ու տնտեսական միջոցառումները՝ նշելով, որ դրանք «լուրջ հարցեր» են առաջացրել։
Կոտիեն նաև արձանագրել է, որ նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը դեռևս անբավարար է։
Անդրադառնալով առցանց միջավայրին՝ զեկուցողը նշել է, որ ապատեղեկատվությունը, արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը և կեղծ հաշիվները խորացրել են հասարակության ներսում առկա բաժանարար գծերը և օգտագործվել քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով։
«Մեդիադաշտը բազմակարծիք է, սակայն խիստ բևեռացված»,- հայտարարել է նա։
Կոտիեն մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով մի շարք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Նրա գնահատմամբ՝ այդ որոշումը կարող էր վճռորոշ նշանակություն ունենալ ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու հարցում։
Կոտիեն նշել է, որ կուսակցության վերջնական արդյունքը կազմել է 3․99 տոկոս, ինչի հետևանքով այն չի հաղթահարել ընտրական 4 տոկոսի շեմը և պատգամավորական մանդատներ չի ստացել։ Նրա խոսքով՝ համապատասխան ընտրատարածքներում նոր քվեարկություն կազմակերպելը կարող էր ընդունելի լուծում լինել, սակայն ԿԸՀ-ն մերժել է այդ տարբերակը՝ առանց բավարար բացատրության։
«Նման նշանակության որոշումը պետք է հիմնված լինի հիմնավոր, թափանցիկ և ստուգելի պատճառաբանության վրա։ Ցավոք, այդպես չէր»,- ասել է նա։
Չնայած արձանագրված բացերին և արտաքին ճնշումներին՝ Կոտիեն նշել է, որ Հայաստանի բնակչությունը ցուցաբերել է «մեծ դիմակայունություն» և վստահություն հայտնել գործող կառավարությանը՝ Եվրոպայի խորհրդի արժեքների վրա հիմնված ուղին շարունակելու համար։
Նա հայտնել է, որ ամփոփիչ զեկույցում առաջարկվել է ընտրական գործընթացում արձանագրված թերությունների վերացման ճանապարհային քարտեզ։
Այն ներառում է արտաքին միջամտություններից պաշտպանության ուժեղացում, ընտրական համակարգի անկախության երաշխավորում, վարչական ռեսուրսների չարաշահման համար պատժամիջոցներ, ապատեղեկատվության դեմ պայքար և նոր քվեարկության հստակ մեխանիզմի նախատեսում այն դեպքերի համար, երբ հարցականի տակ է դրվում քաղաքական ուժի հիմնարար ներկայացվածությունը։
«Հայաստանը ցույց է տվել, որ կարող է կազմակերպել տեխնիկապես հաջող, խաղաղ և ներառական ընտրություններ։ Սակայն ժողովրդավարությունը չափվում է նաև հնարավորությունների հավասարությամբ, տեղեկատվության անաչառությամբ, բողոքարկման մեխանիզմների արդյունավետությամբ, քաղաքացիների վստահությամբ և ճնշումներին դիմակայելու կարողությամբ»,- ասել է Կոտիեն։
Նա հավելել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն հստակ մանդատ և պետք է իրականացնեն անհրաժեշտ բարեփոխումները, իսկ ԵԽԽՎ-ն ու Վենետիկի հանձնաժողովը պատրաստ են աջակցել Հայաստանի ինստիտուտների ամրապնդմանը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։
Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև ԵԽԽՎ անդամ Ռիկարդու Կարվալյուն՝ հայտարարելով, որ դրանք տեղի են ունեցել բարդ աշխարհաքաղաքական պայմաններում՝ Ռուսաստանի կողմից գործադրված աննախադեպ արտաքին ճնշումների և միջամտության ֆոնին։
Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցությունը հնարավորություն է տվել տեղում հետևելու Հայաստանի համար կարևոր քաղաքական փուլին և երկրում ընթացող խորքային քաղաքական ու աշխարհաքաղաքական վերափոխումներին։ Չնայած առկա մարտահրավերներին՝ պատգամավորը գնահատել է, որ Հայաստանի քաղաքացիներն ունեցել են քաղաքական իրական այլընտրանքների միջև ընտրություն կատարելու հնարավորություն։
«Այդ ընտրությունը պետք է հարգվի»,- ընդգծեց նա։
ԵԽԽՎ ներկայացուցչի խոսքով՝ ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի ժողովրդի՝ ժողովրդավարական արժեքներին և մերձեվրոպական ուղուն հանձնառության մասին։
«Հայաստանի մերձեցումը Եվրոպայի հետ չպետք է ընկալվի որպես դրսից պարտադրված քայլ։ Այն բխում է երկրի քաղաքացիների ինքնիշխան կամքից և ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին նրանց սեփական հավատարմությունից։ Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի փոխարեն ապագա ընտրելը չէ, այլ աջակցելը, որ հայերն ինքնուրույն ու ազատորեն կերտեն իրենց ապագան»,- ասել է նա։
Բանախոսը հավելել է նաև, որ «ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան և Եվրոպային ավելի մոտ Հայաստանը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու ավելի անվտանգ Եվրոպայի կառուցմանը»։
ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամ Ժոլտ Նեմեթն իր հերթին նշել է, որ մասնակցել է Հայաստանում ընտրությունների դիտորդական առաքելությանը։ Նա Հայաստանը բնութագրել է որպես եվրոպական մշակութային ժառանգության «մարգարիտ»՝ նշելով, որ երկիրն ունի ընտրական համակարգի ամուր հիմքեր։
Միաժամանակ Նեմեթը ԵԽԽՎ նիստում բարձրացրել է հոգևորականների ձերբակալությունների հարցը։
«Կրոնի ազատությունը պետք է հարգվի, իսկ եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում հիմնարար ժողովրդավարական ազատություններին»,- ասել է Նեմեթը։
Նա նաև հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի շրջանակում հետագայում հնարավոր կլինի աշխատել կազմակերպության հիմնարար սկզբունքներին համահունչ։
Հայաստանի ընտրությունների դիտարկման զեկույցի քննարկման ընթացքում ԵԽԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության անդամ Լուս Մարտինես Սեյխոն անդրադարձել է կանանց քաղաքական մասնակցությանը։ Նա նշել է, որ Հայաստանը գենդերային քվոտաների կիրառման հարցում առաջընթաց է գրանցել, սակայն կանանց քաղաքական ներգրավվածության ոլորտում էական խնդիրները շարունակել են պահպանվել։
«Ոչ մի կին չի գլխավորել ընտրական ցուցակ, իսկ մանդատ ստանալու իրական հնարավորությամբ տեղերը փաստացի շարունակում են վերապահված մնալ տղամարդկանց։ Սա իրական հավասարություն չէ»,- հայտարարել է Մարտինես Սեյխոն։
Նա ընդգծել է, որ կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում շարունակում է մնալ լուրջ և համակարգային խնդիր՝ պնդելով, որ Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը կուժեղացներ Հայաստանի իրավական ու ինստիտուցիոնալ հնարավորությունները՝ բռնությունը կանխարգելելու և կանանց ու աղջիկների իրավունքները պաշտպանելու համար։
Մարտինես Սեյխոյի խոսքով՝ արտաքին ճնշումների, ներքին քաղաքական բևեռացման և տեղահանվածների ճգնաժամի պայմաններում գենդերային հավասարությունը «շքեղություն չէ», այլ ժողովրդավարական կայունության հիմնասյուն։
Իսպանացի պատգամավորը խոսել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ճգնաժամի մասին։ Նրա խոսքով՝ ընտրություններն անցկացվել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրների պայմաններում, որոնք ոչ միայն քաղաքական հռետորաբանության մաս են, այլև հարյուր հազարավոր մարդկանց առօրյայի վրա ազդող իրականություն։
«Անվտանգությունը, սահմանը, տեղահանված համայնքների ապագան՝ այս ամենը շարունակում է մնալ մարտահրավեր, որը պահանջում է Եվրոպայի հետևողական, վճռական և մարդու իրավունքների վրա հիմնված աջակցությունը»,- ասել է Սեյխոն։
Նա եզրափակել է, որ Հայաստանը ցուցաբերել է ընտրությունները տեխնիկապես կազմակերպելու կարողություն, սակայն գենդերային հավասարությունը, անվտանգությունը և բռնությունից պաշտպանությունը շարունակում են մնալ կառուցվածքային մարտահրավերներ, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում։
Քննարկումը շարունակվելու է ընդմիջումից հետո։ Ելույթ ունենալու համար հերթագրվել է 28 մարդ, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը։