Հոկտեմբերի 25-ին 24 բնակավայրերից բաղկացած Արթիկ խոշորացված համայնքում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է չորս քաղաքական ուժ։
Ընտրապայքարի մեջ են մտնում ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահ Անանիկ Ոսկանյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն Արթիկի ավագանու անդամ Արթուր Աստոյանն է․ նա Արթիկի ձեռնոցի գործարանի սեփականատերն է, «Հայրենիք» կուսակցությունը՝ 2018 թվականին ԲՀԿ-ի պորտֆելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Վահրադյանի գլխավորությամբ, և Արթիկի նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որն այս անգամ գլխավորում է «Ազատ դեմոկրատների» ցուցակը։
Ակնհայտ է, որ այստեղ քիչ թե շատ թեժ ընտրապայքար է սպասվում․ ընդդիմադիր դաշտում նախկին նախարարից ու գործարարից բացի՝ հանդես է գալիս նաև Արթիկի նախկին քաղաքապետը՝ Մխիթար Վարագյանը, որն իր կապերով ու ռեսուրսներով չի զիջում Անանիկ Ոսկանյանին։ Հիշեցնենք, որ նա Ղազախստանում բնակվող մեծահարուստ գործարար Դավիթ Վարագյանի եղբայրն է, որը մտերմիկ հարաբերություններ ուներ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։
Մխիթար Վարագյանը Արթիկ համայնքը գլխավորել է 5 տարի՝ 2016-2021 թվականներին, նախորդ ընտրություններում էլ՝ 2021 թվականին Անանիկ Ոսկանյանի գլխավոր մրցակիցն էր․ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ՔՊ-ն ստացել էր 7731 քվե՝ 41,61 տոկոս ձայն, Մխիթար Վարագյանի գլխավորած «Միասնական Արթիկ» կուսակցություններ դաշինքը՝ 4344 քվե, 23,38% ձայն։
Ավագանին նախորդ ընտրություններում 6 ձայն էր տվել Մխիթար Վարագյանին, Անանիկ Ոսկանյանին՝ 18 ձայն, սակայն նկատենք, որ Անանիկ Ոսկանյանն այդքան ձայներ ստացել էր մյուս քաղաքական ուժերի շնորհիվ։ Այդ ժամանակ 11 ձայն ստացած ՔՊ-ն կոալիցա էր կազմել Սամվել Բաբայանի հիմնած 3 ձայն ունեցող «Ազատական» կուսակցության հետ, 4 ձայն էլ նրան տվել էր Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը, որի թեկնածուն Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանն էր․ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ներկայիս գլխավոր քարտուղարը։
Նկատենք, որ Արթիկի այս տարվա ՏԻՄ ընտրություններում չի առաջադրվել ՀՅԴ-ն, որը բավական ակտիվ էր նախորդ ընտրություններում, չի մասնակցում նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: