ԵԽԽՎ զեկույցը ցույց է տալիս, որ հունիսի 7-ի ընտրությունները բազմակի խախտումներով են տեղի ունեցել, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Նա նշել է, որ զեկույցում հստակ ամրագրվել է ընտրովի արդարադատության խնդիրը, հայտնում է Aysor.am-ը:
«Արձանագրվել են վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը»,- մանրամասնել է Մելոյանը։
Մելոյանի խոսքով՝ այս արձանագրումներն ընդդիմության կատարած հետևողական աշխատանքի արդյունքն են։
«Այո՛, արդյունք է տալիս եվրոպական այսպիսի բարձր կառույցներով, մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է այս դրոշակը բարձր պահելու»,- ասել է Մելոյանը։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկած ԵԽԽՎ ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: Փաստաթղթում արձանագրվել են աննախադեպ արտաքին միջամտության, ներքին խոր բևեռացվածության, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր: