«Մեղադրական եզրակացությունը ոչ թե նախաքննության ավարտը արձանագրող պարզունակ թուղթ է, այլ հիմնական դատավարական ակտը, որով սահմանվում են հետագա դատական քննության փաստական և իրավական շրջանակները։ Այն պետք է մեղադրյալին հնարավորություն տա հստակ հասկանալու՝ կոնկրետ ինչ արարք է իրեն վերագրվում, ինչ փաստական հանգամանքներով ու ապացույցներով է այն հիմնավորվում, և ինչպիսի իրավական գնահատական է տրվել պաշտպանության փաստարկներին»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց նախագահ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Պաշտպանական կողմն այսօր ներկայացրեց իր առարկությունները մեղադրական եզրակացության վերաբերյալ։
Ըստ պաշտպանի՝ ներկայացված մեղադրական եզրակացության մեջ նկարագրական և պատճառաբանական մասերի գործառույթները խառնված են իրար, ինչի հետևանքով փաստաթուղթը չի կատարում իր դատավարական նշանակությունը․ «Նկարագրական մասը պետք է պարունակի բացառապես փաստական իրողություններ՝ ինչ է տեղի ունեցել, երբ, որտեղ, ում կողմից, այլ ոչ թե քննիչի իրավական գնահատականները։ Քննիչը նկարագրական մասում փաստերը շարադրելու փոխարեն՝ անմիջապես օգտագործել է իրավական եզրահանգումներ (օրինակ՝ «ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանները», «նպատակադրվել է շրջանցել ընթացակարգերը», «դիտավորությամբ կատարել է գործողություններ»)։ Սրանք փաստեր չեն, այլ վերջնական իրավական գնահատականներ, որոնք պետք է լինեին պատճառաբանական մասում՝ ապացույցների վերլուծությունից հետո»։
Ըստ պաշտպանի՝ նկարագրական մասում ներկայացված է տարբեր պետական մարմինների, պաշտոնատար անձանց և նոտարական գործողությունների ընդհանուր ժամանակագրություն, սակայն հնարավոր չէ առանձնացնել այն կոնկրետ գործողությունը, որով, ըստ մեղադրանքի, ավարտվել է Սերժ Սարգսյանին վերագրվող արարքը։ Հստակեցված չէ, թե երբ է հանցագործությունն ավարտվել՝ պայմանագրի ստորագրմամբ, կառավարության որոշմամբ, նոտարական վավերացմամբ, թե՞ պետական գրանցմամբ։
Ամրամ Մակինյանը նաև նկատեց՝ բացակայում է պատճառահետևանքային շղթայի նկարագրությունը Սերժ Սարգսյանի ենթադրյալ գործողությունների և առաջացած հետևանքների (պետությանը պատճառված վնասի) միջև։ Տարբեր հետևանքներ ներկայացված են ընդհանրական ձևակերպումներով՝ առանց յուրաքանչյուր հետևանքի առաջացման փաստական մեխանիզմը բացահայտելու։
«Պատճառաբանական մասը չի պարունակում ապացույցների իրական վերլուծություն․ քննիչը սահմանափակվել է ցուցմունքների, գրավոր փաստաթղթերի ու վկայությունների բառացի կամ գրեթե բառացի վերապատմմամբ/թվարկմամբ։ Բացակայում է ապացույցների փոխադարձ համադրումը, հակասությունների գնահատումը և դրանց ապացուցողական նշանակության հիմնավորումը։ Սերժ Սարգսյանի այն փաստարկը, որ իրեն առաջադրված մեղադրանքը պարզ և հասկանալի չէ, մնացել է առանց որևէ բովանդակային անդրադարձի և վերլուծության»։
Ամրամ Մակինյանը հեգնեց․ «Մեղադրական եզրակացությունը «սթորի» չէ, քննիչը պատմություն է գրել»։
Մանրամասները՝ տեսանյութերում
Պաշտպանական կողմը միջնորդեց կարճել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։
Դատախազն առարկեց։ Նիստը հետաձգվեց․ որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստին։
Նախնական դատալսումների փուլում նախագահ Սարգսյանի մասնակցությունը նիստերին դատավոր Սարգիս Գրիգորյանը պարտադիր համարեց։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: