Իրանը չի ցանկանում շարունակել կռիվը, և այժմ Միացյալ Նահանգներն է որոշելու՝ ավարտե՞լ պատերազմը Իրանի դեմ, թե՞ ոչ։ Fox News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է France 24-ը։
Չորեքշաբթի Փեզեշքիանը ՄԱԿ-ում կոշտ դիրքորոշում էր արտահայտել՝ հայտարարելով, որ Իրանը Վաշինգտոնի առջև «ծնկի չի գա»։ Այդ հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են։
«Երբ մենք կարող ենք հարցերը լուծել երկխոսության միջոցով, չպետք է դիմենք միմյանց սպանելու քայլի։ Սակայն Իսրայելի իրականացրած սադրանքների հետևանքով նրանք այս պատերազմը պարտադրեցին մեզ։ Բայց մենք չենք ցանկանում շարունակել։ Ամերիկան պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է վերջ տալ այս ամենին, թե՞ ոչ»,- ասել է նա։
Փեզեշքիանը պնդել է, որ Իրանը պատրաստ է Թրամփի հետ համաձայնության գալ՝ հակամարտությանը վերջ դնելու համար։
«Ինչո՞ւ է ստացվում, որ համաձայնագրի ստորագրումից ընդամենը երկու շաբաթ անց նրանք որոշեցին այն խախտել։ Եթե ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ցանկանում է միջազգային իրավունքի շրջանակում համաձայնության գալ, թող այդպես լինի։ Եթե ոչ՝ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից առաջ, թե դրանցից հետո՝ մեզ համար ի՞նչ տարբերություն»,- հավելել է Իրանի ղեկավարը։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և նրա Ջարեդ Քուշների հետ։ Նրանց բանակցություններն անմիջապես որևէ էական առաջընթացի չեն հանգեցրել։
Միաժամանակ, Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է, որ Թեհրանը ցանկանում է միջուկային ռումբ ունենալ՝ միաժամանակ հայտարարելով, որ Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրը ներկայացնել միջազգային տեսչական վերահսկողության։
«Բոլորովին ոչ։ Մեր նահատակված գերագույն առաջնորդը մի քանի անգամ հայտարարել էր, որ կրոնական հրամանագրի համաձայն՝ դա անօրինական է»,- ասել է նա։
Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը պատրաստ է միջուկային լարվածությունը թուլացնելու նպատակով նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը և թույլ տալ արտաքին վերահսկողություն․ «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք դրանք նոսրացնել։ Դա մեծ խնդիր չէ։ Մենք պատրաստ ենք ենթարկվել ստուգման»։
Փեզեշքիանը նաև քննադատել է Վաշինգտոնին դիվանագիտական գործընթացի հետագա ձախողման համար, սակայն պնդել, որ Թեհրանը շարունակում է պատրաստակամ լինել համաձայնության հասնելու հարցում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի