Պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար. Արեգնազ Մանուկյան

Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի ուղերձը, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով

Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ,

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ մեկ մարդու ապօրինի հրահանգով “թխված” գործի շրջանակներում կալանավորվել էի նաև ես։ Ու թեև այժմ իմ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է համեմատաբար հանգստանանք։ Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել, քանի որ մեր երկիրն օր օրի մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է, ՀՀ-ի ներքին ու արտաքին մարտահրավերները՝ նույնպես։

Սա իմ առաջին ուղերձն է տնային կալանքում գտնվելիս: Իրականում, շփման սահմանափակումը կարճ ժամանակով բացվելուց հետո այժմ ավելի է խստացվել։ Իսկ ընդհանուր առմամբ, սրանք ամբողջ Հայաստանն են դարձնում կալանավայր։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին, պատգամավորներին, հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին, շարքային քաղաքացիներին, անծանոթ մարդկանց, ովքեր աջակցում են մեզ, ըմբոստանում են այս հակահայկական իշխանությունների կամայականությունների դեմ, չեն լռում, սկզբունքայնություն են ցուցաբերում, մարդկային բարձր որակներ են դրսևորում։

Ինչպես հայտնի է, Թևանյանի “գործը” փլվել է արդեն նախաքննության փուլում։ Ինձ շինծու արարք մեղսագրեցին, որպեսզի Թևանյանի դեմ առաջադրված հորինովի մեղադրանքներին ճշմարտանման տեքս տային, բայց դա նրանց մոտ, բնականաբար, չստացվեց։ Ու հիմա փակ դատավարություն են անցկացնում, որպեսզի ծածկեն իրենց խայտառակությունը։ Բայց դե, արդարությունն ինչքան էլ բզկտվի, վերջում հաղթելու է։

Այս ընթացքում քաջալերանքի և գովասանքի բազմաթիվ խոսքեր եմ ստացել։ Շատերն ասում են, որ հերոսություն եմ արել և կամք ցուցաբերել, քանի որ կեղծ ցուցմունքներ չեմ տվել Թևանյանի դեմ, կալանքի և ապօրինաբար դատապարտվելու հեռանկարն աչքիս առաջ ունենալով՝ չեմ վաճառել խիղճս ու հոգիս, չեմ գնացել քստմնելի գործարքի։

Իմ կարծիքով՝ հերոսություն ասվածը շատ բարձրագոչ ձևակերպում է։ Ես ոչ թե հերոսություն եմ արել, այլ պարզապես ստորություն չեմ արել։ Այս իշխանության հետ գործարքի գնալն ու “երկխոսելն” իսկական դավաճանություն կլիներ։

Եթե մենք վախենանք կալանքից ու դավաճանենք մեր գաղափարներին, սկզբունքներին, ապա իրավունք չենք ունենա ՀՀ քաղաքացիներից պարկեշտություն, ազնվություն, արժանապատվություն, հայրենասիրություն պահանջել։

Թիմակցին, ընկերներին դավաճանելուց մինչև Հայրենիքի դավաճանություն կես քայլ է։ Այնպես որ, ամեն մեկն իր սկզբունքների համար պետք է մինչև վերջ կռիվ տա ու նոր միայն դիմացինից նույնը պահանջելու իրավունք ստանա։

Ինչ մնում է մեր հետագա քայլերին, ապա ընդդիմադիր դաշտում պետք է գլխավոր հարցերում միասնական լինել։ Իշխանությունն աննախադեպ կեղծիքներով պահած Նիկոլ Փաշինյանն օգտվում է մեր ոչ միասնական լինելուց։ Նույնիսկ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում նկատվում է տարբերակում։ Մինչդեռ չպետք է լինի իմ ու քո թիմի քաղբանտարկյալ հասկացությունը (ընդդիմադիր որոշ շրջանակներ ակնհայտորեն խուսափում են անգամ քաղբանտարկյալներից խոսել, ինչը ցավալի տպավորություն է թողնում՝ հատկապես երբ դա ֆիքսում ես կալանավայրում գտնվելու ժամանակ):

Չարիքը բոլորիս ու Հայաստանի դռանն է չոքել։ Հատվածականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Պետք է “մեկը բոլորի ու բոլորը մեկի համար” սկզբունքով գործել, այլ ոչ թե սպասել մինչև դիմակավորվածները կամ քննչականի կամակատարները ներխուժեն քեզ մոտ ու դրանից հետո նոր միայն ոտքի կանգնել, բողոքել բռնաճնշումների դեմ։

Ինքս իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվռտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից, և մենք միասնաբար կռիվ տանք այս թրքահպատակ իշխանությունների դեմ։

Կան հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնական օրակարգեր և գործողություններ պլանավորել։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանությունը վերկուսակցական հարցեր են։ Ի՞նչն է մեզ խանգարում այս հարցերում միասնական լինել։ Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել։

Օրակարգային են նաև այս իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրեր ունենալը և կոնկրետ գործողություններ նախապատրաստելը՝ լինի դա ալիևյան սահմանադրության մերժումը կամ Հայաստանի տարածքների հանձնումը։

Մի խոսքով՝ պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար։

Ազատություն Անդրանիկ Թևանյանին,

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին,

Ազատություն Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում տառապող քաղբանտարկյալներին ու պատանդներին,

Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment