Mercedes-Benz-ը սպառնում է փակել Գերմանիայում երկու գործարան, գրում են ԶԼՄ-ները

Գերմանական Mercedes-Benz ավտոկոնցեռնը սպառնում է փակել Գերմանիայում գործող երկու գործարան, եթե աշխատակիցները հրաժարվեն անվճար արտաժամյա աշխատանքից։ Այս մասին հայտնում է WirtschaftsWoche պարբերականը։

«Եթե Գերմանիայում չհաջողվի կրճատել աշխատուժի ծախսերը, ղեկավարությունը մտադիր է փակել մարդատար ավտոմեքենաների հավաքման մեկ գործարան և ևս մեկ գործարան, որտեղ արտադրվում են փոխանցման տուփերի բաղադրիչներ», – ասվում է հրապարակման մեջ։

Հաղորդվում է, որ Գերմանիայում աշխատուժի ծախսերի կրճատման շրջանակում Mercedes-Benz-ի ղեկավարությունը աշխատակիցներից պահանջում է համաձայնել աշխատանքային շաբաթվա տևողությունը ներկայիս 35 ժամից մինչև 40 ժամ ավելացնելուն՝ աշխատավարձերի նախկին մակարդակը պահպանելու պայմանով։ Բացի այդ, քննարկվում է արձակուրդային վճարների, Սուրբծննդյան բոնուսների և հատուկ վճարների կրճատման կամ ամբողջական վերացման հնարավորությունը։

Պարբերականի տվյալներով՝ ավտոկոնցեռնի ղեկավարությունն այսպիսով ցանկանում է Գերմանիայում մինչև 800 մլն եվրոյով կրճատել աշխատուժի ծախսերը։

Գերմանացի աշխատակիցները, իրենց հերթին, Mercedes-Benz-ի ղեկավարությունից պահանջել են մինչև 2035 թվականը աշխատատեղերի պահպանման հստակ երաշխիքներ, ինչպես նաև պարտավորություններ՝ Գերմանիայում գործող արտադրական հարթակներում նոր տեխնոլոգիական արտադրական գծերի տեղակայման վերաբերյալ։

Mercedes-Benz Group AG-ն (նախկինում՝ Daimler AG) աշխարհի խոշորագույն ավտոկոնցեռններից մեկն է։ Ընկերությունը հիմնադրվել է 1883 թվականին։ Ընկերությունում աշխատում է շուրջ 164 հազար մարդ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment