Սայաթ-Նովա գյուղում հայտնաբերվել է խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող անձը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրել են սեպտեմբերի 23-ին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ժամը 18։20-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տներից մեկում ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին։

«Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 18-ին։ Հետախուզվողը՝ Երևանի 34-ամյա բնակիչը երկու այլ անձանց հետ գիշերվա ժամը 2-ին մեքենայով մեկնել էր մայրաքաղաքի Րաֆֆու փողոց։ 

Այստեղ վիճաբանություն էր տեղի ունեցել մեկ այլ անձի հետ, որի ընթացքում 34-ամյա տղամարդը դեռևս չպարզված առարկայով հարվածներ էր հասցրել նրա գլխին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Վիճաբանության ընթացքում հնչել էին հայհոյանքներ, գոռոցներ ու կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ հուլիսի 2-ին 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է»։

Leave a comment