Սեպտեմբերի 25-ին Բրյուսելում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար, ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսության համանախագահ Դերեն Դերյայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական զարգացումներն ու խնդիրները, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը, վերջինիս անկախության ու արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ երաշխիքները, ինչպես նաև ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը։Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պետության կողմից մարդու իրավունքների երաշխիքները պետք է անշեղորեն պահպանվեն բոլոր գործընթացներում: Շեշտադրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախ և արդյունավետ գործունեության ապահովման տեսանկյունից համապատասխան երաշխիքների առկայության ու դրանց գործնական իրացման կարևորությունը։
Կողմերը կարևորել են ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսության շրջանակում ձևավորված համագործակցության շարունակական զարգացումը։