Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության գործընթացը (PAN.am)

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության գործընթացը: Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

Նրանք շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը՝ անդրադառնալով 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններից ի վեր արձանագրված առաջընթացին։

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը մատնանշվել է որպես խաղաղության օգուտների գործնական օրինակ:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել բազմակողմ տարբեր հարթակներում դրական օրակարգի առաջմղման հնարավորությունների վերաբերյալ և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու անմիջական երկխոսությունը։

Միրզոյանի և Բայրամովի նախորդ հանդիպումը կայացել է օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Նրանք կարճ զրույց են ունեցել և պայմանավորվել շարունակել երկկողմ հանդիպումները։

Leave a comment