«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» այսօր հրապարակված զեկույցում փաստագրված է, որ ՀԱՍԵ-ում չկա բարձրաստիճան հոգևորականներին ուղղված մեղադրանքներ քննելու իրավասու ատյան։
Ըստ զեկույցի՝ Մայր Աթոռում 2011 թվականից գործող Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի վիճակը հետևյալն է.
• այն չունի սահմանված կարգով հաստատված կանոնադրություն,
• նրա կազմը միանձնյա նշանակում է ՀԱՍԵ փաստացի պետը,
• այն իրավասու չէ քննելու եպիսկոպոսների և Կաթողիկոսի հարցերը,
• դատավորի, մեղադրողի և պաշտպանի գործառույթները տարանջատված չեն։
Մայր Աթոռի 2026 թ. հունվարի պաշտոնական տվյալներով՝ ներկայիս գահակալության ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական։ Նրանցից 38-ը՝ «իր դիմումի համաձայն», 21-ը՝ ուղղակիորեն Կաթողիկոսի որոշմամբ։ Սակայն զեկույցն ընդգծում է, որ «սեփական դիմումի» ձևակերպումը միշտ չէ, որ արտացոլում է իրականությունը։ Օրինակ՝ Աղան աբեղա Երնջակյանը 2023 թ. կարգալույծ հռչակվեց պաշտոնապես իր դիմումով, սակայն 2025 թ. հրապարակված ձայնագրությունում նա պատմում է, որ իրենից պահանջել են ընտանիքի հետ մասնակցել իշխանության դեմ ցույցերի, իսկ հրաժարվելը որակվել է որպես անհնազանդություն։ Ձայնագրության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Զեկույցում առանձնացվում է նաև մի միտում, ըստ որի՝ 2025–2026 թվականների կարգալուծությունները հաջորդել են հոգևորականների հրապարակային քննադատություններին.
• Արամ քահանա Ասատրյան. 2025 թ. սեպտեմբերին Եկեղեցում անկախ դատական և կարգապահական մարմիններ ստեղծելու կոչ անելուց հետո՝ հոկտեմբերի 21-ին, հռչակվեց կարգալույծ։
• Տարոն քահանա Հունանյան և Թադե քահանա Թախմազյան. Նրանք կարգալույծ հռչակվեցին նոյեմբերին և դեկտեմբերին՝ Արամ քահանային աջակցություն հայտնելու համար։
• Գևորգ եպիսկոպոս Սարոյան. Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամ եպիսկոպոսը Հանրային հեռուստատեսությանն տված հարցազրույցներում խոսեց բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչից հետո ազատվեց Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ 2026 թ. հունվարի 17-ին դատարանը նրան վերականգնեց պաշտոնում, սակայն ընդամենը տասն օր անց նա նույնպես կարգալույծ հռչակվեց։ Ներկայումս Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործով մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել է դատարան։Զեկույցում առանձնացվում է նաև մի միտում, ըստ որի՝ 2025–2026 թվականների կարգալուծությունները հաջորդել են հոգևորականների հրապարակային քննադատություններին․
Մինչդեռ հակառակ օրինակ է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքը։ Նրան վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերի իսկությունը հաստատվել է ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքննությամբ։ Մայր Աթոռի ստեղծած հանձնախումբն առաջարկել էր ժամանակավորապես դադարեցնել նրա բոլոր պաշտոնները, իսկ եպիսկոպոսների մի խումբ բաց հայտարարությամբ պահանջել էր նրա հեռացումը։ Այնուամենայնիվ, նա մնացել է պաշտոնում։
Ամփոփելով փաստերը՝ զեկույցն արձանագրում է, որ կարգապահական վարույթը Եկեղեցում վերածվել է ղեկավարությանը քննադատողներին պատժելու գործիքի, մինչդեռ բարեվարքության ծանր մեղադրանքներ ունեցող հոգևորականների գործերը մնում են անտեսված։
Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման համար զեկույցն առաջարկում է.
• Ստեղծել նվիրապետությունից անկախ, մշտապես գործող կանոնական դատարան, որի իրավասությունը կտարածվի նաև եպիսկոպոսների և Կաթողիկոսի վրա։
• Իրականացնել կարգալույծ հռչակված հոգևորականների գործերի արդարացի և անկողմնակալ վերանայում։