Եթե ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի, ապա Հայաստանի անվտանգային համակարգն անտեր կմնա։ 24news.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պարզաբանելով նախորդ հարցազրույցում իր արած հայտարարությունը։
Սեպտեմբերի 11-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել էր, որ եթե ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերվի, կմնանք անտեր այս տարածաշրջանում։
«Պետությունն անտեր չի մնալու, Հայաստանը տեր ունի՝ Հայաստանի ժողովուրդը, բայց Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու, քանի որ ռուսական ռազմաբազան համարվում է անվտանգային համակարգի բաղադրիչ»,- նշել է Կարապետյանը։
Նրա գնահատմամբ՝ անհեռատես քայլ է վերացնել ձևավորված անվտանգային համակարգը՝ չունենալով այլընտրանքի նույնիսկ առաջարկություն։ Ըստ նրա՝ աշխարհում շատ քիչ են այն երկրները, որոնք անվտանգային երաշխավորներ պետք չեն։
Ավելի վաղ Կարապետյանը կարծիք էր հայտնել, որ ռուսական դերակատարմանը փոխարինելու է գալու թուրքականը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։
Ըստ նրա` եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։