ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը:
Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Այդ առումով, կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը։ Փաշինյանն ԱՄՆ-ում է աշխատանքային այցով՝ նա մասնակցում է ՄԱԿ-ի ԳՎ 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ է ունենալու նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։