Երևանի քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է Բագրատ Սրբազանի և մյուս «17 արդարների» գործով դատական նիստը։
Այսօր դատարան հրավիրվեցին «ՔԿ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ևս երկու փորձագետների։
Նրանցից մեկն այս կառույցի գլխավոր փորձագետ Վահե Վազգենի Ոսկանյանն է, որը 7 տարվա աշխատանքային ստաժ ունի, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի իրավագիտություն բաժինն է ավարտել։ Նա նշեց, որ սառը զենքի համալիր փորձաքննություն է անցկացրել։
Փաստաբանները նրան հարցրին, թե ի՞նչ մեթոդ է կիրառել սառը զենքի փորձաքննության։
Փորձաքննության էին ենթարկվել նաև կացին, դանակներ, սվին։
«Եզրակացություն եք կատարել սառի զենքի, չենք նշել նկարագրական մասում ու դա համարո՞ւմ եք իրավաչափ», -հարցրեցին փորձագետին։
«Իմ կողմից տված բոլոր եզրակացությունները իրավաչափ են, փորձագիտական պահանջների համապատասխան»,-պատասխանեց նա։
Փաստաբանները շարունակեցին պնդել, որ փորձագետը պարտավոր էր նշել՝ ինչ մեթոդ է կիրառել փորձաքննության։ Փորձագետը խորհուրդ տվեց, թե ինչպես ձևակերպեն հարցը, որ հստակ պատասխանի։
Դատարանը նկատողություն արեց փորձագետին՝ ասելով՝ եթե դատավարության մասնակցի մոտ հարց է առաջանում, հարցերին պատասխանեք, խորհուրդ մի տվեք։
«Մենք պիտի եզրակացությունը կարդայինք, պատկերը հստակ լիներ, ի՞նչ մեթոդ եք կիրառել, որ հասել եք այդ եզրակացությանը», -շարունակեց փաստաբաններից մեկը։
Փորձագետը նշեց, թե ի՞նչ մեթոդիկա է կիրառվում սառը զենքը զննելիս։
«Այդ դեպքում ինչո՞ւ չեք նշել՝ ի՞նչ եք արել, դա օրենքի պարտադիր պայման է»,- ասաց փաստաբաններից մեկը։ Նա փորձագետին խորհուրդ տվեց՝ ռուսերենով շարադրել միտքը, եթե մեթոդը ռուսերենով է ուսումնասիրվել։ Փորձագետը սկսեց ռուսերեն ներկայացնել ասելիքը, որը կանխեց դատավորը։
Նա ոտքի կանգնեցրեց թե՛ փորձագետին, թե՛ փաստաբանին՝ խստորեն պահանջելով․
«Շատ լավ է, որ ռուսերեն լեզվին տիրապետում եք, անգլերենին էլ տիրապետեք, ֆրանսերենին էլ, բայց մեր լեզուն հայերեն է, հայերեն լեզվով պատասխանեք»։
«Գրականությունը, որ ուսումնասիրում եք, այնտեղ նշված է՝ ինչ մեթոդներ են կիրառվում»,- նորից պնդեցին փաստաբանները։
«Սառը զենքի փորձարարությունը մեթոդներ չունի, ինչ անուն դնեմ, որ ձեզ բացատրեմ մեթոդները, մեթոդ է», -ասաց փորձագետը։
Փաստաբաններից մեկը կարդաց օրենքի պահանջը՝ ըստ որի փորձագիտական եզրակացության մեջ համապատասխան մեթոդները նշելը պարտադիր նորմ է։
«Մեթոդիկա բառը գրված չէ, բայց նկարագրությունն առկա է, թե ինչ գործողություններ են կատարվել», -պնդում էր փորձագետը։
Մի պահ բավական մեծ աղմուկ բարձրացավ, դատարանը նկատողություն արեց դատավարության մասնակիցներից մեկին՝ ասելով․ «Զվարճանքի վայր չի, լրջացեք»։
Բագրատ Սրբազանը ևս հարցեր ուղղեց փորձագետին՝ ասելով․ «Հարյուր անգամ էլ նույն հարցը կտանք, մինչև պարզաբանում ստանաք, խաղաղ թող պատասխանի հարցերին»։
Նա նաև նշեց, որ իրենց ուսումնասիրությունը պարզել է, որ տարբեր մեթոդներ կան։
«8 զենք եք քննել, մեկին եք ասել, որ սառը զենք է, ի՞նչ տեսակի սառը զենք է օրինակ»,- հետաքրքրվում էր Բագրատ Սրբազանը։
Փորձագետին նաև հարցրեցին, թե մեթոդն ու մեթոդիկան ի՞նչ տարբերություն ունեն, որն օգտագործում է իր խոսույթում։
Փորձագետը նեղվեց, թե իր գիտելիքներն են ստուգո՞ւմ ու ասաց՝ գուցե բառերն օգտագործելիս շփոթվել է։
«Փորձագետը չի տարբերակում մեթոդը և մեթոդիկան, նշեց՝ «սառը զենքի մեթոդ», նման բան գոյություն չունի գրականության մեջ, «Քրեական դատավարության օրենսգիրքը» պահանջում է նշել՝ ինչ մեթոդներ են կիրառվել։ Այդպես էլ չկարողացավ ասել՝ ինչ մեթոդներ են կիրառել»,-ասաց փաստաբաններից մեկը։
The next court hearing of Bagrat Srbazan and the other 17 detainees took place at the Criminal Court of General Jurisdiction of Yerevan – Shengavit Residence
Փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ ասաց, որ այս զենքերը հայտնաբերվել են գործով չանցնող անձի հավաքածուից։
«Այս գործողությունների միջոցով պետական միջոցների վատնում է տեղի ունենում»,- ասաց նա։
«Փորձագետների ակադեմիական կրթությունը լուրջ հարցեր է առաջացնում, չեն կարող պարզ բացատրություն տալ մեթոդների, մեթոդիկայի մասին։ Այս զենքերից որևէ մեկը չի հայտնաբերվել ո՛չ Սրբազանի, ո՛չ էլ մասնակիցներից որևէ մեկի մոտից»,-ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Դատախազը նշեց, որ հանրությանը մոլորեցնելու փորձ է արվում, որին Բագրատ Սրբազանը արձագանքեց այսպես․
«Հանրությանը մոլորեցնողը դատախազությունն է, այս ամբողջ ֆարսը կապ չունի այս գործի հետ, սա փտած իրականության արտահայտությունն է»։
Դատական նիստն ամբողջությամբ՝ այս տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: