Օրբելյան․ Ռոբերտ Քոչարյանը կապարակնքված ընկերությունների կառավարմանը չի մասնակցել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի այն ձեռնարկությունների գործունեությանը, որոնք կապվում են նրա ընտանիքի անդամների հետ։ Այս մասին լրագրողների հետ հադիպման ժամանակ հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ընկերությունների կապարակնքմանը և դրանց աշխատակիցների իրավունքներին։

Նշենք, որ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Քոչարյանի հետ կապված քրեական գործի շրջանակում կապարակնքված ընկերությունների աշխատակիցների իրավունքներին, ասաց` քաղաքացիները «հանուն պետության կդիմանան»։ Խոսքը 35 միավոր գույքի մասին է։ Այդ շարքում կան ավտոկայանատեղիներ, մի քանի գրասենյակներ։ Կապարակնքվածների թվում են հիմնականում «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները (կապարակնքված է նույնիսկ Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամի գրասենյակը, որը տարածք է վարձակալում «Պիացցա Գռանդեի» շենքում), «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը»,«Օրանժ Ֆիտնեսը, LaGalleria-ն (հագուստի և աքսեսուարների շքեղ ապրանքանիշների խանութների ցանց):

Օրբելյանի խոսքով՝ աշխատակիցները կդիմանան, թե ոչ՝ սոցիալական և քաղաքական հարց է, մինչդեռ իրավական տեսանկյունից առանցքային է` ընկերությունների կապարակնքումն իրավաչա՞փ է եղել, թե՞ ոչ։

«Առանցքայինը գործընթացի ոչ իրավաչափությունն է։ Երբ սա ասում եմ՝ ոչ իրավաչափություն, պետք է հասկանաք, որ երկու տեսակի ոչ իրավաչափություն կա. մի դեպքում, երբ կա կապարակնքելու իրավունք, բայց ասում են՝ հիմքերն ու ապացույցները չկան, մյուս դեպքում ուղղակի կապարակնքելու իրավունք չկա։ Չկա՛։ Կարող եք բացել Քրեական օրենսգիրքը, ծայրից ծայր կարդալ, չկա՛ նման գործիք»,– ասաց փաստաբանը։

Նրա պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը երբևէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել, իր գործունեությունը կապված է եղել պետական և հասարակական ոլորտների հետ։

«Ռոբերտ Քոչարյանն ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի՝ բացի նրանից, որ իր որդիները կամ դուստրը կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Մեկը թող ասի, որ Քոչարյանին տեսել է այդ ձեռնարկությունները ղեկավարելիս՝ ուղղակի կամ անուղղակի, թող մեկը պնդի, որ այդ ձեռնարկությունների հետ կապված Քոչարյանի հետ քննարկել է որևէ դետալ, ծրագիր։ Այսինքն՝ իրարից տարանջատենք»,– նշեց Օրբելյանը։

Փաստաբան անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։

«Կա դրվագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ, որը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել ու չի ունեցել որևէ պետական լծակ, և աշխատանքային գործունեություն է իրականացրել 18–19 տարեկանից»,– շարունակեց փաստաբանը։

Օրբելյանն ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչները, խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի իրավաչափության մասին, տարբեր հայտարարություններ են անում և որևէ հստակ պատասխան չեն տալիս, ինչը, ըստ նրա, վառ ապցուց է, որ գործում իրավական հիմքեր չկան։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Sputnik Արմենիա

Leave a comment