Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին

«Եվրոպական դատարանում Ադրբեջանի պահանջն էր դատարանից չօգտագործել Արցախի հայկական անվանումները, պետական, հանրային մարմինների փասատաթղթերը։ Այս փոքրիկ միջադեպը ինձ հիշեցրեց Եվրոպական դատարանում Ադրբեջանի այդ դիրքորոշումը»,- ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով քննարկմանն ասաց  փաստաբան, միջազգային փորձագետ Արա Ղազարյանը։ 

Նա նշեց, որ հենց առաջին օրվանից Եվրոպական դատարանը մերժել է, քանի որ գործում է հանրային իրավունքը. «Եվրոպական դատարանը նույնիսկ Արցախի դատարանների որոշումներն է ճանաչել որպես լեգիտիմ դատական ակտեր, դրա հիման վրա կայացրել որոշումները։ 

Կային աղերսներ»։

Քննարկման ընթացքում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագաh Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ նիստին ներկա են Արցախի խմբակցությունները՝ ներկայացնելով նաև դրանց ղեկավարների անունները։ Հենց այդ ժամանակ  ՔՊ խմբակցության պատգամավորներն ու  կառավարության ներկայացուցիչները լքեցին սենյակը։ 

ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը լրագրողներին ասաց. «Քննարկումը պետք է լիներ Ղարաբաղի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների վերաբերյալ, բայց տեսանք, որ  վերածվել էր միջխորհրդարանական հանդիպման, պաշտոններ էին հնչում։ Բազմիցս ասել ենք, որ Հայաստանում չի կարող լինել երկու խորհրդարան, երկու կառավարություն, ըստ այդմ մենք ստիպված լքեցինք դահլիճը»։

Leave a comment