Բաքուն նախատեսում է Կաշենի հանքավայրից Չինաստան մատակարարել գրեթե 1 մլրդ դոլարի պղինձ, իսկ Սոթքի հանքավայրի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածի շահագործման համար ներդնել 250 մլն դոլար։ Ադրբեջանական իշխանություններն այս նախագծերը ներկայացնում են որպես հանքարդյունաբերության ընդլայնման ծրագրի մաս։
Armenia Today-ն ուսումնասիրել է հայտարարված ներդրումները, ժամկետներն ու արտահանման ծրագրերը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մարտակերտի շրջանում աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ Քարվաճառում և Կովսականում նախատեսվում է դրանք սկսել «մոտ ապագայում»։ Նա նաև հանձնարարել է ժամանակակից մեթոդներով ճշտել հանքավայրերի պաշարները և ընդլայնել երկրաբանական հետախուզությունը։
Ալիևը սեպտեմբերի 23-ին հաստատել է հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացման 2027–2030 թվականների պետական ծրագիրը։ Ըստ էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի՝ նախատեսվող ներդրումները կազմում են շուրջ 3,12 մլրդ դոլար։ Այս գումարը վերաբերում է Ադրբեջանի ամբողջ ոլորտային ծրագրին, ոչ միայն Արցախի հանքավայրերին։
Կաշեն․ պղինձ՝ չինական շուկայի համար
Մարտակերտի շրջանում Բաքուն արդեն շահագործում է Կաշենի հանքավայրը, որն ադրբեջանական կողմն անվանում է «Դեմիրլի»։ AzerGold-ի՝ հունվարի 13-ի հաղորդագրության համաձայն՝ հանքավայրի վերամշակման համալիրի տարեկան հզորությունը կազմում է 5,6 մլն տոննա հանքաքար։ Ընկերությունը հայտնել է, որ 2025-2030 թվականներին նախատեսվում է Չինաստան արտահանել խտանյութի կազմում 85 հազար տոննա պղինձ՝ ընդհանուր 1,6 մլրդ մանաթ արժեքով։
Նույն հաղորդագրության համաձայն՝ համալիրի հանքարդյունահանման և արտադրական տարածքը զբաղեցնում է 929 հեկտար։ Նախնական երկրաբանական հետախուզության տվյալներով՝ հանքավայրում առկա է շուրջ 470 հազար տոննա պղնձի լրացուցիչ պաշար, որի արդյունահանելի ծավալը նախատեսվում է ճշտել հետագա ուսումնասիրություններով։
Սոթք․ 250 մլն դոլարի ներդրում և արդյունահանում՝ 2028 թվականից
Քարվաճառի ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են Սոթքի հանքավայրի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, որն ադրբեջանական կողմը ներկայացնում է «Սոյուդլու» կամ «Զոդ» անվանումներով։ AzerGold-ի տվյալներով՝ այնտեղ 2025 թվականի օգոստոսից կատարվել են երկրաբանական ուսումնասիրություններ և ընդհանուր առմամբ 18 հազար մետր հորատման աշխատանքներ։
Ընկերությունը JORC միջազգային չափորոշիչով գնահատված արդյունահանելի մնացորդային պաշարը ներկայացնում է 1,03 մլն ունցիա ոսկու չափով։ Ընկերությունը սեպտեմբերին հայտնել է հանքավայրում առաջին հորատապայթեցման աշխատանքներն իրականացնելու մասին։
Կովսականն Ադրբեջանն օկուպացրել է 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի՝ նույն տարվա հոկտեմբերի 21-ի հրապարակման մեջ այդ տարածքում գտնվող հանքավայրի պաշարները ներկայացվել են 6,5 տոննա ոսկու և 3 հազար տոննա պղնձի չափով։
Վեժնալի․ մուտք՝ պատերազմից հետո, պաշարների գնահատում՝ տարիներ առաջ
Վեժնալիի հանքավայրը դեռ 1997 թվականին ներառվել էր Ադրբեջանի կառավարության հետ կնքված արտադրանքի բաժանման համաձայնագրում։ Սակայն, ըստ Anglo Asian Mining ընկերության, այն հանքավայր մուտք գործելու հնարավորություն ստացել է միայն 2021 թվականին։
Համաձայնագրում 2024 թվականին կատարված փոփոխությամբ ադրբեջանական կողմը ներկայացնող Բնապահպանության և բնական պաշարների նախարարությանը փոխարինել է AzerGold-ը։
Ալիևը նաև մեղադրել է հայկական կողմին՝ Քարվաճառի, Բերձորի և Կովսականի «տարածքներում շուրջ 60 հազար հեկտար անտառային ֆոնդ ոչնչացնելու, ծառերը հատելու և փայտանյութը վաճառելու» մեջ։ Նա պնդել է նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո հայկական կողմի հեռանալու ընթացքում որոշ տարածքներում «անտառներ են այրվել»։