Թրամփի գլխավորած «Խաղաղության խորհուրդը» պատրաստվում է ներկայացնել Գազայի վերականգնման վեցամսյա ծրագի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած «Խաղաղության խորհուրդը» պատրաստվում է ներկայացնել Գազայի հատվածի վերականգնման վեցամսյա (2,45 միլիարդ դոլար արժողությամբ) ծրագիր, գրել է Axios-ը՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։

Ծրագիրը ներառում է 66 նախագիծ՝ սկսած ժամանակավոր կացարանների տրամադրումից և փլատակների մաքրումից մինչև հիվանդանոցների, ենթակառուցվածքների և անկլավի տնտեսության վերականգնում։ Նախատեսվում է մոտ 1 միլիարդ դոլար հատկացնել ենթակառուցվածքային նախագծերին, իսկ շուրջ 885 միլիոն դոլար՝ անվտանգության միջոցառումներին։

Մոտ 400 միլիոն դոլար նախատեսված է պաղեստինցիների համար ժամանակավոր կացարաններ ապահովելու նպատակով, ևս 300 միլիոն դոլար կհատկացվի առողջապահության, կրթության և սոցիալական ծրագրերի համար։ Ծրագրի հեղինակների գնահատմամբ՝ Գազայի ամբողջական վերականգնումը մեկ տասնամյակի ընթացքում կպահանջի մոտ 71,4 միլիարդ դոլար։

Այնուամենայնիվ, 2,45 միլիարդ դոլարի չափով ֆինանսավորումն ամբողջությամբ դեռևս ապահովված չէ։ Axios-ը նշել է, որ ծրագրի իրականացումը կպահանջի նաև Իսրայելի և «Համաս» խմբավորման միջև համագործակցություն։

Leave a comment