Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է ֆինանսների նախկին նախարար, նախկին փոխվարչապետ, «Իսրայել Բեյթենու» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի հայտարարությունը, որը վերաբերում է Հորդանան գետի արևմտյան ափի A և B գոտիների նկատմամբ վերահսկողությունը Հորդանանին փոխանցելուն։ Լիբերմանն առաջարկել է նաև ստեղծել իսրայելա-հորդանանյան կոնֆեդերացիա։
«Գիտեի, որ դուք ձախակողմյան հայացքներ ունեք, բայց չէի կարծում, թե այսօր կառաջարկեք, որ հորդանանյան բանակը վերահսկի Իսրայել պետության տարածքները։ Անհապաղ հետ վերցրեք այդ հայտարարությունը»,- հայտարարել է Նեթանյահուն։
1995 թվականի Օսլոյի համաձայնագրերի համաձայն՝ Հորդանան գետի արևմտյան ափը բաժանված է A, B և C գոտիների։ A և B գոտիները, որոնք կազմում են տարածքի մոտ 40%-ը, Պաղեստինյան ինքնավարության վերահսկողության ներքո են։