Շնչառական վիրուսների ի՞նչ շտամներ կարող են լինել այս տարի

«Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն առաջնահերթ նախատեսված են ռիսկի խմբերի համար: Դրանք են՝ 65-ից բարձր տարիքի անձինք, հղիները, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, սոցիալական խնամքի կենտրոններում գտնվող ինչպես շահառուները, այնպես էլ սպասարկող անձնակազմը, բուժանձնակազմը եւ զինծառայողները: Պատվաստումն առաջնահերթ նախատեսված է հենց այս ռիսկի խմբերի անձանց համար: Հենց նրանց շրջանում է գրիպը դրսեւորվում առավել ծանր ձեւով եւ առաջացնում բարդություններ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը:

Սվետլանա Գրիգորյան

Նրա խոսքով, պատվաստումները կանխարգելում են գրիպի առաջացման ծանր ձեւերը եւ մահվան դեպքերը: Սվետլանա Գրիգորյանը հավելեց, որ պատվաստումները հասանելի են նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

«Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանում սուր շնչառական վարակների առումով սեզոնը սկսվում է հոկտեմբերի սկզբից, սակայն գրիպի վիրուսի շրջանառությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին է գրանցվում: Ներկայումս այն ժամանակահատվածն է, երբ պետք է պատվաստվել եւ սեզոնին ընդառաջ ունենալ գրիպի դեմ պաշտպանություն»,-հավելեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետը:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հանդիսանում է գրիպի ազգային լաբորատորիա, որը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ»,-հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը:

Զարուհի Գրիգորյան

Ասաց նաեւ, որ ուսումնասիրության արդյունքում վերահսկվում են տարածաշրջանում տարածված վիրուսների շտամները եւ մոդելավորվում առաջիկա սեզոնի ընթացքում առավել հավանական շտամները. «Այս տարի 2A, H1N1 և H3N2 եւ 1B տիպի շտամներն են գնահատված, որ առավել տարածված են լինելու մեր տարածաշրջանում, հետեւաբար ԱՀԿ-ի առաջարկության հիման վրա թողարկվել է եռավալենտ պատվաստանյութը»:

Նա նաեւ նշեց, որ այս տարի ներմուծվել է գրիպի դեմ պատվաստանյութի 225000 դեղաչափ, որն առավելագույնն է վերջին տարիների ընթացքում:

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment