«Ակնկալիք լինում է, երբ գործ ունենք անկախ դատական համակարգի հետ։ Բայց հիմա գործ ունենք դատավոր, դատախազ, քննիչ, մեկուսարանի հերթապահ ոստիկան՝ նույն մարդու դեմքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Այդ առումով դժվար է ակնկալել։ Չոր իրավաբանությամբ Արեգնազ Մանուկյանն ու Անդրանիկ Թևանյանը հենց հիմա պետք է դուրս գային այստեղից, բայց մենք գործ չունենք չոր իրավաբանության հետ, գործ ունենք Նիկոլ Փաշինյանի քինախնդրության հետ, որը, ինչպես Անդրանիկ Թևանյանի դեպքում, կարող է հայտարարել ու դրանից հետո նոր իրավական գործընթաց կարող է լինել՝ Նիկոլ Փաշինյանի գծածով»,- այսօր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանի գործով դռնփակ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը փոխվել է․ դրանից դուրս է բերվել ՔԿ-ի կողմից արված պնդումը, թե 2024-ի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Ենթադրյալ «հավաքագրումը» եղել է հասարակական կազմակերպության կողմից։ Չկա նաև այն դրվագը, որ Անդրանիկ Թևանյանը 622 հազար դոլարի դիմաց գաղտնի ծառայությունների կողմից փոխանցվել է այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցչին։
Հարցին, թե վերջին անգամ պատգամավորներով ում են այցելել քրեակատարողական հիմնարկում և ինչ տպավորություն են ստացել, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ արդեն երկար ժամանակ է՝ պատգամավորների՝ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց այցելությունների վրա նույնպես սահմանափակում կա։
«Այսօր առավոտյան եմ եղել ԱԱԾ մեկուսարանում՝ ԿԳԲ-ի հայտնի պադվալում, նախագահի խուցն եմ ուսումնասիրել։ Առանց իրեն տեսնելու, ժամանակը քիչ էր, չկարողացա Անդրանիկին տեսնել, բայց մի քանի օր առաջ եմ Անդրանիկի մոտ եղել։ Պարբերաբար է լինում՝ ում կարողանում ես տեսնել։ Բայց մեծամասնության տեսակցությունների վրա խիստ սահմանափակումներ կան, այդ թվում՝ մեր գործընկեր ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի»։
Գեղամ Մանուկյանն ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խցի վերաբերյալ փաստաբանները առաջիկայում կխոսեն։
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն էլ լրագրողներին ասաց, որ այս գործը իրենց համար շատ չակերտներ ունի, ու դատարանը, առաջնահերթ՝ Արեգնազ Մանուկյանի, հետո արդեն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ, պարտավոր է լինելու ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրել։
«Մեր պահանջն ու ակնկալիքը բաց դատավարությունն է։ Իրենք պնդում են աղմուկ, հարայ-հրոց, բայց իրենց մեղադրանքի սկզբնական բոլոր կետերը դուրս են եկել արդեն։ Ասում ենք՝ բաց դատավարություն արեք, թող հասարակությունը համոզվի։ Իրականում լրտեսության մեջ թաթախված մարդը չի ուզի բաց դատավարություն։ Մենք հակառակն ենք պնդում, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը»,- ասաց նա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: