Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության Բրյուսելի գրասենյակի ղեկավարին

Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության Բրյուսելի գրասենյակի ղեկավարին

Սեպտեմբերի 22-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպական միության Հիմնարար իրավունքների գործակալության Բրյուսելի գրասենյակի ղեկավար Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, հավասարության ապահովման և խտրականության կանխարգելման կառուցակարգերը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառմանն առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները՝ հատուկ անդրադառնալով իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրներին, վերջին տարիներին բնագավառը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որպես առաջնահերթություն սահմանելու և այդ ուղղությամբ հաստատության գործունեությունն ակտիվացնելու հանգամանքներին:

Ընդգծվել է, որ ինչպես իրավահավասարության ապահովման, այնպես էլ մյուս ոլորտներում գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար ՄԻՊ հաստատությունը պետության կողմից պետք է ապահովված լինի բավարար ֆինանսական, մարդկային ռեսուրսներով և պատշաճ շենքային պայմաններով։

Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների անկախության երաշխավորման անհրաժեշտությանը:

Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու քննարկել գործակցության զարգացման հետագա հնարավորությունները։

Leave a comment