Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Նախորդ քառօրյայում՝ սեպտեմբերի 15-ին,առաջարկ-հայտարարություն էի արել։ Նպատակն էր ձեւավորել ԱԺ պատգամավորական պատվիրակություն եւ մեկնել Բաքու։ Նույն օրը պաշտոնական դիմում էի ուղարկել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։
Տեղադրում եմ ստորեւ.
ՀՀ ազգային ժողովի նախագահ
պարոն Ռուբեն Ռուբինյանին
Հարգելի պարոն Ռուբինյան,
Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն և գործուղել Բաքու։
Պատվիրակությունը առաջարկում եմ ձեւավորել հետեւյալ համամասնությամբ՝
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հինգ պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ երեք պատգամավոր, «Հայաստան» դաշինքից՝ երկու պատգամավոր։
Պատվիրակության գործուղման նպատակը՝
- Հանդիպել Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և առնվազն մյուս տասնմեկ ՀՀ քաղաքացիներին։
- Ծանոթանալ նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին։
- Ստանալ նրանց դատավճիռները։
- Հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։
- Առաջարկում եմ փորձել հանդիպել Ադրբեջանում Միացյալ Նահանգների,Ֆրանսիայի,Ռուսաստանի դեսպաններին։
Պատվիրակության ղեկավարումը ստանձնեք Դուք։ Կազմակերպման հարցում փորձեք օգտագործել Արտաքին գործերի նախարարության խողովակը։
Անհնարինության դեպքում՝ առաջարկում եմ մեկնել Բաքու Վրաստանով՝ մեքենաներով, միջազգային ինֆորմացիոն ուղեկցությամբ։
Սեպտեմբերի 18-ին կարճառոտ պատասխան եմ ստացել ԱԺ նախագահից՝ «ընդունվել է ի գիտություն»։
Սա է ամենը, ինչ պետք է իմանալ եւ առնել ի գիտություն այս իշխանության Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին։
Աղվան Վարդանյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: