Չինաստանը նախորդ եռամսյակում առաջին տեղն է զբաղեցրել Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուր հանդիսացող երկրների շարքում, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Ծառայության նախնական տվյալների համաձայն՝ Չինաստանից կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 219.5 մլն դոլար կամ հաշվետու ժամանակահատվածում Վրաստան կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի 46.8%-ը։
Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 123.5 մլն դոլար (26.3%), իսկ երրորդում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 47.7 մլն դոլար (10.2%)։ Այսպիսով, ներդրող երեք խոշոր երկրներին բաժին է ընկել Վրաստան կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի 83.3%-ը։
Տնտեսական գործունեության տեսակների կտրվածքով ներդրումների ամենամեծ ծավալն ուղղվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտ՝ 207.6 մլն դոլար կամ ընդհանուր ծավալի 44.3%-ը։ Երկրորդ տեղում անշարժ գույքի ոլորտն է՝ 119.9 մլն դոլար (25.6%), իսկ երրորդում՝ վերամշակող արդյունաբերությունը, որին ուղղվել է 59 մլն դոլար (12.6%)։
Վերջին տարիներին Չինաստանն ու Վրաստանն ընդլայնում են տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում։ 2023 թվականի մայիսին երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը նախատեսում է համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում։ 2024 թվականից Վրաստանի և Չինաստանի քաղաքացիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ։