Հայաստանն ու Մոնտենեգրոն քննարկել են զբոսաշրջային հոսքերի ավելացման հեռանկարները

Հայաստանի և Մոնտենեգրոյի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության ընդլայնման, երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացման, ինչպես նաև նոր ուղղությունների ձևավորման հնարավորությունները։

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շարունակել է քայլեր ձեռնարկել միջազգային ուղևորափոխադրումների ակտիվացման և երկրի հասանելիության բարելավման ուղղությամբ։ Միաժամանակ ներդրումներ են իրականացվել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ կողմերն անդրադարձել են գյուղական զբոսաշրջությանը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է Մոնտենեգրոյի փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով համագործակցության հետագա զարգացման և նոր հնարավորությունների ձևավորման հեռանկարներին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։

Leave a comment