55 հազար դոլարով վաճառված Էջմիածնի կինոթատրոնի շենքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հետք»

Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքը 2004թ. մասնավոր անձին վաճառվել է 55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով՝ առանց գույքի սահմանված կարգով գնահատման։ Վաճառքից մոտ երեք ամիս անց, առանց գույքի փաստացի վիճակի փոփոխության, դրա կադաստրային արժեքը կազմել է 218 միլիոն 215 հազար դրամ։ Դատախազության ուսումնասիրությամբ խնդիրներ են հայտնաբերվել նաև կինոթատրոնին կից պետական հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման և դրա հետագա սեփականաշնորհման գործընթացում։

Ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում 2026թ. օգոստոսի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 3 դրվագով. Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով /նախկին Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մաս/ նախատեսված հանցագործության հատկանիշներով (պաշտոնեական անփութություն)։

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը ուսումնասիրել է Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքի և դրան կից հողամասի օտարման գործընթացը։

«Հետքը» դեռևս 2023թ-ին էր գրել, որ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքը և ցանկանում է տեղում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել:

Էջմիածնի «Գարուն» կինոթատրոնը կառուցվել էր 1976թ-ին: Ճարտարապետները եղել են Սարգիս Գուրզադյանն ու Միքայել Ալեքսանյանը: Շենքը կառուցվել է ռեգիոնալ մոդեռնիզմի ոճով:

Եռահարկ շենքը գեղեցկացրել են կամարները, շրջանաձև և նիստավոր պատուհանները, շրջանաձև բացվածքներով, ինչպես նաև՝ մինչ օրս պահպանված հսկայական երկաթյա ջահերը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment