Մարտին Գալստյան․ Արդյունավետ քաղաքականություն մշակելիս կառավարություններին հաճախ համբերություն է պակասում

Հիմնավոր որոշումներ կայացնելու և արդյունավետ քաղաքականություն մշակելու համար հարկավոր է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, գործել հետևողականորեն ու համբերատար, մինչդեռ կառավարությունների խնդիրը հաճախ հենց անհամբերությունն է: Սեպտեմբերի 22-ին Դիլիջանում ընթացող «Փաստարկներից դեպի քաղաքականություն․ փորձարարական մշակույթի ձևավորում» (From Evidence to Policy: Building a Culture of Experimentation) աշխատաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հիշեցրել է, որ որակյալ քաղաքականության մշակումն ու գրագետ նախագծումը սոսկ առաջին քայլն են, քանի որ անգամ եթե գործենք հավաստի տվյալների հիման վրա, մշակենք հրաշալի ծրագիր ու կյանքի կոչենք այն, գործընթացը դրանով չի ավարտվում։

«Ստացված արդյունքները հուշում են, թե ինչպես կարելի է կատարելագործել այդ քաղաքականությունը։ Դիտարկենք, օրինակ, ֆինանսական գրագիտության ծրագրերը. թվում է, թե բավական է մարդկանց սովորեցնել կառավարել սեփական ֆինանսները, որպեսզի նրանք ճիշտ որոշումներ կայացնեն, սակայն լոկ գիտելիքը բավարար չէ. պետք է փոխել մարդկանց վերաբերմունքն այս հարցի նկատմամբ»,- նշել է Գալստյանը։

Նա հավելել է, որ սրա գիտակցումը կարող է խթանել վարքագծային ասպեկտներին միտված այլ միջոցառումների ներդրումը։ Նման մեթոդներն ի զորու են ավելի կայուն արդյունք ապահովել, քան պարզապես ուսուցումը։

«Օրինակ՝ մենք ոչ թե պարզապես պատմեցինք մարդկանց, թե ինչ է վարկային քարտը և ինչ օգուտ է այն տալիս, այլև գործնականում տրամադրեցինք նրանց այդ գործիքը, ապահովեցինք անընդհատ առցանց վճարումներ կատարելու հնարավորություն՝ օգնելով ընտելանալ վճարման այս եղանակին։ Միևնույն ժամանակ մենք տվյալներ էինք հավաքում հաջորդ փորձն անցկացնելու համար՝ հասկանալու, թե որն է ավելի լավ՝ վճարել առցա՞նց, թե՞ գնումներ կատարել սովորական խանութներում։ Այսպիսով՝ հիմնավոր որոշումներ կայացնելու և արդյունավետ քաղաքականություն մշակելու համար անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, գործել փուլ առ փուլ և համբերատար։ Իսկ կառավարությունների խնդիրը հաճախ հենց անհամբերությունն է։ Գոյություն ունի քաղաքական շրջափուլ, որը պահանջում է արդյունքներ ստանալ որոշակի ժամկետներում, և դրանք կարող են չհամընկնել համապատասխան միջոցառումների մշակման ու ներդրման համար անհրաժեշտ ժամանակահատվածի հետ, ուստի իմ խորհուրդը մեզ և կառավարությանը՝ լինել ավելի համբերատար ու փորձել գործել առավելագույնս համակարգված»,- պարզաբանել է ԿԲ նախագահը։

Նա նկատել է, որ հանրությունն ապշած էր PISA-ի թեստավորման արդյունքներից։ Գալստյանը կարծիք է հայտնել, որ կրթական համակարգում սոսկ բարձր աշխատավարձը բավարար չէ, քանի որ Ֆինլանդիայի և այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ կարևոր են նաև այլ գործոններ, օրինակ՝ երեխաներին ինքնուրույն գիտելիք ստանալու հմտություններ սովորեցնելը։ Այս համատեքստում ԿԲ ղեկավարը մատնանշել է փորձարարական հետազոտություններ իրականացնելու և դրանց արդյունքները քաղաքականության առավել որակյալ մշակման նպատակով կիրառելու անհրաժեշտությունը։

«Երկրորդ օրինակը առողջապահության ոլորտի, մասնավորապես՝ բժշկական ապահովագրության համակարգի բարեփոխումն է։ Սա լայնածավալ վերափոխում է։ Այստեղ սխալները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների»,- ընդգծել է Գալստյանը։

Նա հիշեցրել է այն գաղափարի մասին, ըստ որի՝ բժշկական ապահովագրության ներդրումն ինքնաբերաբար կերկարացնի այն մարդկանց կյանքը, որոնք նախկինում որակյալ բժշկական սպասարկման հասանելիություն չեն ունեցել։ «Բայց արդյո՞ք սա բավարար է։ Մի՞թե չարժե որոշումներն ամրապնդել փորձի ընթացքում ստացված տվյալներով։ Չպե՞տք է արդյոք հարցն ավելի ուշադիր ուսումնասիրել՝ հասկանալու համար՝ այս կամ այն մոդելը կենսունակ կլինի՞, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա կայացվող քաղաքական որոշումները պետք է վերանայվեն»,- եզրափակել է Գալստյանը։

NEWS.am

Leave a comment