Երևանի քաղաքապետարան․ Աղի լճի տարածքը ոչ թե քանդվում է, այլ բարեկարգվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում գտնվող Աղի լճի տարածքը ոչ թե քանդվում է, այլ բարեկարգվում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը` անդրադառնալով մամուլում և սոցցանցերում տարածված այն լուրերին, թե Աղի լճի տարածքը քանդում են։

Երեկվանից սոցցանցերում մարդիկ ահազանգում են, որ քաղաքապետարանի կողմից «տենդեր շահողները» սկսել են քանդել Աղի լճի հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար, և ենթադրել են, որ դրա փոխարեն «կաֆել-մետլախ» է լինելու։

«Քաղաքացիների խնդրանքով և թաղապետի առաջարկով քաղաքապետարանին է ներկայացվել բարեկարգման նախագիծ, որը դրական արձագանք է ստացել քաղաքապետի կողմից։ Բարեկարգման մրցույթի նախագիծ է կազմվել: Հաղթող ընկերությունը տարածքը բարեկարգելու է, լինելու է լուսավորություն, գործելու են բիոզուգարաններ և այլն։ Տասնամյակներով տարածքը եղել է անտերության մատնված, այն դեպքում, երբ այդքան այցելու կա տարվա ընթացքում»,–ասաց Ազարյանը։

Նրա խոսքով` առաջիկայում առավել մանրամասն տեղեկություն կտարածեն։

Նշենք, որ սոցցանցերում օգտատերերը դժգոհում են քաղաքապետարանի աշխատանքից` ընդգծելով, որ մարդիկ տասնամյակներ շարունակ գալիս են Աղի լիճ, որպեսզի վայելեն այն, ինչը տրված է բնության կողմից, իսկ քաղաքապետարանը պետք է բարեկարգի լճից դուրս հատվածները՝ չխաթարելով լճի էկոհամակարգը։

Sputnik Արմենիա

Leave a comment