Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU)՝ տեղական ընտրություններում կրած պարտությունից հետո երկրի նախկին կանցլեր և CDU-ի նախկին ղեկավար Անգելա Մերկելը հանդես է եկել քաղաքական կամուրջներ կառուցելու կոչով։
Բունդեսթագում ընթացող ցուցահանդեսի բացման ժամանակ Մերկելը որպես օրինակ է բերել ԳՖՀ առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերին․
«Նրա համար հստակ էր․ պետք է կամուրջներ կառուցել։ Եվ միևնույն ժամանակ դրանից ինքնաբերաբար հետևում էր, թե ում հետ կամուրջներ կառուցել չի կարելի»,- ընդգծել է Մերկելը։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, որտեղ CDU-ն առաջին անգամ չհայտնվեց երկրամասային խորհրդարանում (լանդթագում)՝ Մերկելը հիշեցրել է, որ Ադենաուերը կարողացել էր դասեր քաղել պատմության սխալներից՝ կարևորելով բոլոր մարդկանց ներգրավումն ու սեփական արժեքներին հավատարիմ մնալը։ Նրա խոսքով՝ Ադենաուերի համար դրանք կամուրջներ էին գործատուների և աշխատողների, տղամարդկանց և կանանց, էկոլոգիայի և տնտեսության, քաղաքի և գյուղի, դավանանքների ու սերունդների միջև։
«Այսօր ես կավելացնեի՝ նաև միգրացիոն անցյալ ունեցող և չունեցող մարդկանց միջև։ Կարծում եմ՝ հենց սա պետք է լինի ժողովրդական կուսակցության կոչումը»,- հայտարարել է նախկին կանցլերը։
Բունդեսթագում անցկացվող ցուցահանդեսը նվիրված է խորհրդարանի գեղարվեստական հավաքածուի երկու աշխատանքների՝ Օսկար Կոկոշկայի վրձնած Ադենաուերի դիմանկարին, որը Մերկելի պաշտոնավարման տարիներին զարդարում էր նրա աշխատասենյակը, և Էնդի Ուորհոլի հեղինակած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ներկայացուցիչ, նախկին կանցլեր Վիլի Բրանդտի դիմանկարին։