«Մինչև ձմեռ լուրջ բան է տեղի ունենալու»․ Թրամփն ու Զելենսկին քննարկել են պատերազմի ավարտի հեռանկարները

Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները։ Հանդիպումից առաջ երկրների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին՝ անդրադառնալով էներգետիկ զինադադարին, Ռուսաստանի դեմ սահմանվելիք պատժամիջոցներին, Patriot համակարգերի մատակարարմանը և հնարավոր եռակողմ հանդիպմանը։

Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կօգնի Ռուսաստանի հետ հակամարտությունը հնարավորինս արագ ավարտին հասցնելուն։ Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է․ «Մինչև ձմեռ լուրջ բան է տեղի ունենալու»։

Էներգետիկ ոլորտում հրադադարի թեմայով Զելենսկին ընդգծել է, որ Կիևը պատրաստ է էներգետիկ զինադադարի, եթե այն լինի երկկողմանի։ Թրամփն իր հերթին նշել է, որ չի խնդրել ուկրաինական կողմին դրան գնալ Մոսկվայի հետ միակողմանի կարգով։

Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» կիրառելու վերաբերյալ հարցին ԱՄՆ նախագահը ուղղակի պատասխան չի տվել՝ նշելով միայն, որ ուսումնասիրում է այդ հնարավորությունը և թեման կքննարկի նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը։ Զելենսկին շեշտել է, որ նման պատժամիջոցները Վաշինգտոնին լրացուցիչ ճնշման լծակներ են տալիս Մոսկվայի նկատմամբ։

Բանակցությունների ընթացքում Թրամփը չի բացառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս մեկ հանդիպում անցկացնելու հնարավորությունը․ «Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ՝ և՛ Պուտինը, և՛ Զելենսկին, ցանկանում են ավարտել պատերազմը»,- հավելել է ԱՄՆ ղեկավարը։

Կողմերը քննարկել են նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցը, որի վերաբերյալ Թրամփը նշել է, թե «դրական է տրամադրված»։

Խոսելով հակամարտության հանգուցալուծման մասին՝ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի և Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման․ «Ես ցանկանում եմ ավարտել պատերազմը։ Կարծում եմ՝ այն մարդը, ով պատրաստ չէ եռակողմ հանդիպման, պատրաստ չէ ավարտել պատերազմը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment