ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է լայնածավալ պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով The Wall Street Journal-ին (WSJ)։
Ըստ WSJ-ի՝ առայժմ անհասկանալի է, թե երբ կհայտարարվի վերջնական որոշման մասին, սակայն ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաների խոսքով՝ այս հարցում հստակություն կարող է առաջանալ մեկ շաբաթվա ընթացքում։
Ինչպես նշում է թերթը, սահմանափակումները, մասնավորապես, կվերաբերեն ՄՔԴ-ի հետ ֆինանսական գործարքների մեծ մասին, սակայն այդ սահմանափակումների համար կսահմանվի վեցից յոթ ամիս տևողությամբ հետաձգման ժամկետ։
The Wall Street Journal-ը նշում է, թե այդ քայլը «կարող է կաթվածահար անել դատարանի աշխատանքը՝ նրան ֆինանսական համակարգի մեծ մասից կտրելով և դոլարով գործարքներն արգելելով»։ Սահմանափակումներից բացառություն կարող են կազմել կապի ծառայությունների հետ կապված ֆինանսական գործառնությունները:
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի նկատմամբ։ Դատարանի պաշտոնատար անձանց դեմ սահմանափակումների կիրառումը նախատեսող հրամանը Թրամփը ստորագրել է 2025 թվականի փետրվարի 6-ին։ ԱՄՆ կառավարությունը ՄՔԴ-ին մեղադրել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի նկատմամբ անօրինական գործողություններ իրականացնելու մեջ։ Հրամանը թույլ է տալիս ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել ՄՔԴ-ի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք ներգրավված են ամերիկացիների կամ ԱՄՆ-ի դաշնակից պետությունների քաղաքացիների վերաբերյալ հետաքննություններում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: