«Դատավորների շուրջ 60 տոկոսը նշանակվել է գործող իշխանության օրոք, և բոլոր քաղաքական գործերի դատաքննությունն իրականացնում են հենց այդ դատավորները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի գործով դատարանի որոշմանը, որով նրա տնային կալանքը երկարաձգվեց երկու ամսով։
Անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց․ «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, եթե նախագահողը կարծում է, իր ներքին համոզմամբ՝ պատգամավորը խախտել է նիստի կարգը, ապա պետք է առաջնային կիրառվի նախազգուշացում, հետո արդեն խոսափողն անջատվի։ Մենք տեսանք, որ միանգամից պատգամավորի խոսափողն անջատվեց՝ պատճառաբանելով, որ որոշ պատգամավորների հոգևոր զգացմունքներն են վիրավորվել, և դրանից հետո հետևյալ միջադեպը տեղի ունեցավ․ մեկ այլ իշխանական պատգամավոր այնպիսի արտահայտություն արեց՝ Կաթողիկոսի ավազանի անունը տվեց, որով մեր հոգևոր զգացմունքները վիրավորեցին։ Բայց տեսանք, որ կիրառվեց երկակի ստանդարտ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Կաթողիկոսի դեմ դատական գործընթացները, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Դա այն գործընթացի մի մասն է, որը գործող իշխանությունները նախաձեռնել են դեռևս տարիներ առաջ, և մենք հիշում ենք, թե ինչպես այդ գործընթացը սկսվեց․ եկեղեցու դեմ պայքարը և այլն։ Երեկ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն էր, այն գործով, որով նա ձերբակալված է 450 օր՝ մեր ձևով Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն պաշտպանելու համար։ Այս կարված, շինծու, ապօրինի գործը ևս այդ գործընթացի մի մասն է»։
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: