Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ՝ Վեհափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների «գործով» պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ այսօր որոշում չկայացրեց։ Նիստը նախագահողն ասաց, որ այդ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ կհեռանա հաջորդ դատական նիստից հետո։
Այսօր պաշտպանական կողմը, բացի Վեհափառ հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ու քրեական վարույթը կարճելու միջնորդությունից, միջնորդեց դատարանին դիմել Սահմանադրական դատարան։
«Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի համաձայն՝ առանց ապացույցները հետազոտելու, նախնական դատալսումների այս փուլում օրենսդիրը թույլ է տալիս կարճման որոշակի հիմքերից միայն օգտվել, հիմնական հիմքից, կարծես թե, չի թույլ տալիս, իսկ մենք ասում ենք՝ չկա հանցագործություն։ Մենք գործ ունենք տարօրինակ գործի հետ։ Առաջին իսկ տպավորությունից պարզ է դառնում, որ կաթողիկոսին վերագրվող արարքը չի կարող հանցագործություն համարվել։ Կաթողիկոսը ընդունել է ներքին, կանոնական տիրույթում տնօրինություն՝ հոգևորականին զրկել է այդ կարգավիճակից, այդ լիազորությունը որևէ այլ մեկի չի պատկանում։
Մենք ասում ենք, որ այս փուլում այդ փաստը եկեք ընդունենք, որ այդպես է եղել։ Պետք չէ ապացույցներով հաստատել՝ կաթողիկոսը տնօրինություն ընդունել է, թե ոչ։ Ընդունել է։ Չի կարող Սահմանադրական երաշխիքին հակառակ, որը երաշխավորում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը, պետությունը միջամտի։ Ասում ենք՝ չեք կարող գործողություններով այնպես անել, որ սահմանափակեք կաթողիկոսի այդ իրավունքը։
Դատարանին խնդրեցինք դադարեցնել քրեական հետապնդումը, կարճել վարույթը, եթե հանկարծ գտնի, որ ընթացակարգային խոչընդոտ ունի, միջնորդեցինք դիմել Սահմանադրական դատարան»,– նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանն ասաց նաև, որ մինչև հիմա Արման Սարոյանի հայցը քննած դատավոր Էդգար Հովհաննիսյանը չի հրապարակում վճիռը. «Էդգար Հովհաննիսյանը պետք է դատարանի վճիռը հրապարակեր օգոստոսի 14-ին, արդեն մեկ ամիս 4 օր անցել է, վճիռը չի հրապարակել։ Սա էլ ակնհայտ օրենքի խախտում է։ Մեզ մոտ հարց է առաջանում՝ ինչու չեք լուծում այդ վեճը, ինչու չեք հրապարակում վճիռը։ Մենք հետևողական ենք լինելու այս շղթայի մեջ ներգրավված բոլոր պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը բարձրացնելու հարցում, իրավական գործընթացների մասին է խոսքը»։
Հիշեցնենք, որ ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։
Հիշեցնենք նաև, որ ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող դատական ակտի չկատարումը վերաբերում է կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոսին՝ Արման Սարոյանին։ Վերջինս 2026 թվականի հունվարի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել անվավեր՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ civilnet-ի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: