Նիկոլ Փաշինյանին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակի հավաստագիրը, որից հետո նա հանդես է եկել ելույթով՝ արժանանալով հանրային խիստ քննադատության։
Իր ելույթում Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայտարարելով, թե վերջինս ևս հավասարապես արժանի է այդ մրցանակին։
«Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին։ Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Չնայած հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկային կորուստներին և տառապանքներին՝ նրանք ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան՝ կարծես անվերջ թվացող հակամարտության փոխարեն ընտրելով խաղաղության, բարգավաճման և համագործակցության հեռանկարը»,- նշել է նա։
Փաշինյանի այս հայտարարությունը, հատկապես Բաքվի բռնապետի հասցեին հնչեցրած գնահատանքի խոսքերը, հասարակության ու քաղաքական շրջանակներում վրդովմունքի և քննադատությունների նոր ալիք են բարձրացրել՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը և Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու պատանդների փաստը։