Ադրբեջանին, Թուրքիային և այլ թեմաներին վերաբերող հարցերի վերաբերյալ ԵՄ բարձր ներկայացուցչի պատասխանները, որպես կանոն, հանգում են նույն բանին․ կոնկրետ հարցերին ուղղակի պատասխան չի տրվում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտնել է Հունաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարիա Զախարիան, որը նախկինում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին գրավոր հարցում էր ուղարկել՝ կապված Եվրամիության և Բաքվի հարաբերությունների հետ։
Նրա խոսքո պատասխանների փոխարենը հնչում են ընդհանուր հայտարարություններ այն մասին, որ այդ հարցերը քննարկվում են գործընկերների հետ և ներառվում են բանակցությունների օրակարգում։ «Ընդ որում, բացակայում են կոնկրետ տեղեկատվությունը և հստակ քաղաքական դիրքորոշումը։ Ըստ էության, ամեն ինչ սահմանափակվում է փաստելով, որ հարցը բարձրաձայնվել է»,- պատգամավորը։
Հիշեցնենք՝ հարցը վերաբերում էր նրան, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական էներգետիկ ու տրանսպորտային կապերի ընդլայնումը հակասում է ԵՄ պայմանագրի 2-րդ, 3(5)-րդ, 18-րդ և 21-րդ հոդվածներին։
«Իմ հարցը կոնկրետ էր․ այն վերաբերում էր Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներին, Բաքվում գտնվող հայ գերիների վիճակին և մարդու իրավունքների խախտման այլ դեպքերին: Մեզ չի կարող բավարարել այն պատասխանը, որը փաստացի թույլ է տալիս ԵՄ-ին խուսափել սեփական պարտավորություններից։ Խոսքը, մասնավորապես, Բաքվում հայ գերիների ճակատագրի և այն մասին է, թե ինչպես պետք է նրանց վիճակն անդրադառնա Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների վրա։ Սակայն բարձր ներկայացուցչի պատասխանը, ինչպես եվրոպական կառույցների բազմաթիվ այլ պատասխաններ, կրկին սահմանափակվում է ընդհանուր ձևակերպումներով և չի պատասխանում մեր կողմից բարձրացված կոնկրետ հարցերին։
Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ ենք համարում պահանջել ոչ միայն հաստատում, որ այս կամ այն հարցը «ներառված է օրակարգում», այլև կոնկրետ պատասխաններ՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում ԵՄ-ն, ի՞նչ պահանջներ են ներկայացվում գործընկերներին և ինչպե՞ս է ապահովվում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարումը։
Նրանք (ԵՄ ղեկավարությունը՝ խմբ.) գործում են մեծամասնության կամքին հակառակ։ Մեր կարծիքով՝ սա իրենց լիազորությունների չարաշահում է, Եվրամիության հիմքում ընկած կանոնների և պայմանագրերի անտեսում։ Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ձևավորելու և արտահայտելու իրենց դիրքորոշումը։ Սակայն մեզ հաճախ խանգարում են այդ տեղեկատվությունը հասցնել մարդկանց, հատկապես հաշվի առնելով, որ խոշոր քաղաքական խմբակցություններն ու քաղաքական գործիչների մեծ մասը ներգրավված են այս քաղաքական խաղի մեջ։
Ուստի մենք ստիպված ենք մշտապես պայքարել՝ այս հարցերը բարձրաձայնելու, քաղաքացիներին մոբիլիզացնելու և նրանց բացատրելու համար, որ սահմանված կանոնները չեն պահպանվում։ Քաղաքացիները չպետք է քվեարկեն քաղաքական գործիչների օգտին և նրանց պատվիրակեն այստեղ», — հայտարարել է Զախարիան։
Անդրադառնալով Ալիևի՝ Եվրախորհրդարանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, երբ նա կառույցն անվանել էր կոռումպացված, ինչպես նաև այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի նկատմամբ ԵՄ ղեկավարության թույլ դիրքորոշումը չի դարձել նման կտրուկ հայտարարությունների պատճառ, եվրապատգամավորն ընդգծել է․
«Եթե ԵՄ ղեկավարությունը վճռական դիրքորոշում չի զբաղեցնում տեղի ունեցողի նկատմամբ, ապա, իհարկե, դա Ալիևին հնարավորություն է տալիս ավելի ու ավելի բացահայտ հարձակումներ գործելու, նոր խնդիրներ բարձրացնելու և նույնիսկ քննադատելու ԱՄՆ-ին, որը, նրա կարծիքով, ԵՄ-ի նկատմամբ որևէ միջոց չի ձեռնարկում։ Այս ամենն, ի վերջո, թուլացնում է ԵՄ-ի դիրքերը և խարխլում վստահությունը նրա կառույցների ու կանոնների նկատմամբ։
Մենք կարծում ենք, որ ԵՄ ղեկավարությունը բազմաթիվ հարցերում գիտակցաբար ընտրել է այն ուղին, որի դեպքում սեփական քաղաքական և տնտեսական շահերը վեր են դասվում Եվրամիության հիմքում ընկած կանոնների ու սկզբունքների պահպանումից։ Սակայն նման քաղաքականությունն ի վերջո թուլացնում է հենց ԵՄ-ին։ Սա փաստացի նշանակում է «կրակել ոտքին»․ վաղ թե ուշ սեփական կանոններից և պարտավորություններից հրաժարվելը կշրջվի հենց Եվրամիության դեմ»։