Toyota-ի գործարաններում կհայտնվեն տասնյակ հազարավոր ռոբոտներ, որոնք ունակ են գտնել առաջադրանքների կատարման լավագույն եղանակները։
Toyota Motor կորպորացիան ամբողջ աշխարհում իր ձեռնարկությունների ռոբոտացման լայնածավալ ծրագրի շրջանակում նախատեսվում է ներդնել շուրջ 40 հազար մարդանման ռոբոտ, որոնք աշխատելու են մարդկանց կողքին։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2028 թվականին։ Այդ մասին հայտնում է ճապոնական առաջատար բիզնես-թերթը՝ Nikkei-ն։
Գործարանների արդիականացման համար ընկերությունը տարեկան կհատկացնի 1 տրլն իեն (գրեթե 6.4 մլրդ դոլար)։
Ընդհանուր առմամբ՝ Toyota Motor-ն ամբողջ աշխարհում ունի 60 գործարան, որտեղ աշխատում է 18 հազար բարձր որակավորում ունեցող հաստիքային աշխատակից։ Ռոբոտները նախատեսված են այդ անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Սարքերը կարող են ինքնուրույն սովորել և գտնել առաջադրված խնդիրների կատարման օպտիմալ եղանակները։
Ինչպես հաղորդվում է, ռոբոտներն արդեն աշխատում են որոշ հավաքման գծերում և կրկնօրինակում մարդկանց գործողությունները՝ կատարելով ավելի նուրբ ու բարդ գործողություններ։ Ապագայում Toyota Motor-ը նախատեսում է նույնիսկ ռոբոտներն օգտագործել որպես հրահանգիչներ՝ նոր ընդունված աշխատակիցների ուսուցման համար։ Կորպորացիայի ղեկավարությունն ընդգծում է, որ արտադրությունում ռոբոտները չեն փոխարինելու մարդկանց, այլ նախատեսված են նրանց հետ ավելի ակտիվ փոխգործակցելու և միասնական թիմի կազմում աշխատելու համար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։