Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր նախատեսված դատական նիստին ներկա չեն լինելու։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն հայոց կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները»,- նշված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
Բարձրաստիճան հոգևորականներն արդեն երկրորդ անգամ է, որ իրենց «գործի» քննությանը չեն մասնակցում։ Օգոստոսի 28-ին ևս նիստն անցկացվում էր նրանց բացակայությամբ։
Հավելենք, որ կաթողիկողի և 6 եպիսկոպոսների «գործով» նախնական դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Էջմիածին քաղաքի նստավայրում։ Նախագահող դատավոր Սերժ Ռուշանյանն է։
Օգոստոսի 7-ին` դատական առաջին նիստին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, որից հետո գործը մակագրվեց նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։
Օգոստոսի 28-ին Ռուշանյանը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սեպտեմբերի 3–ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմեց Վճռաբեկ դատարան՝ այս գործի ընդդատության հարցի լուծման համար։
Սեպտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: